Պահանջել Ադրբեջանից վերացնել միջանցքի արգելափակումը, տեղակայել փաստահավաք առաքելություն. ՀՀ-ի կոչը ՄԱԿ ԱԽ-ին
Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է անում քայլեր ձեռնարկել, պահանջել Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել Լաչինի միջանցքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ԱԽ նիստում, որում քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:
Նա շեշտեց, որ Ադրբեջանը զանգվածային արշավ է մեկնարկել Լաչինի միջանցքում՝ պետական հովանավորությամբ: Մտացածին պատրվակով կազմակերպելով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը՝ Ադրբեջանը թիրախավորել է 120 հազար մարդու: Առնվազն 1100 քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, երեխաները բաժանվել են իրենց ծնողներից, ընտանիքներից, առողջապահական և սոցիալական ծառայությունների տրամադրումը խաթարվել է՝ բերելով կյանքին սպառնացող իրավիճակների:
Մարգարյանը հիշեցրեց նաև Ադրբեջանի կողմից մի քանի օր Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին, որն ազդել է դպրոցների գործունեության վրա՝ երեխաներին զրկելով կրթության իրավունքից:
«Ահազանգող իրավիճակը ԼՂ-ում մոտ է մարդասիրական աղետ դառնալուն: Չնայած խաղաղապահ ուժերի ջանքերին՝ ադրբեջանական կողմի հետ ԼՂ իշխանությունների բանակցությունները, որոնք նպատակ ունեն վերականգնել միջանցքի ապահով և անխաթար շահագործումը, առ այսօր որևէ արդյունքի չեն բերել: Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում՝ նախորդ միջադեպերը, որոնց ընթացքում թիրախավորում էին քաղաքացիական ազգաբնակչությանը, ենթակառուցվածքները, ևս մեկ ապացույց է նրա, որ Լաչինի միջանցքի փակումն իրականում նախապես պլանավորված գործողություն է, որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ հետապնդելով վնաս պատճառել ազգաբնակչությանը և մեծածավալ մարդասիրական ճգնաժամ առաջացնել ԼՂ-ում»,-ասաց Հայաստանի ներկայացուցիչը:
Բնապահպանական մտահոգություններին ցանկացած հղում ոչ այլ ինչ է, քան կեղծ պատրվակ՝ արդարացնելու ԼՂ աղգաբնակչությանը գոյության միջոցներից զրկելը, նրանց հիմնարար իրավունքները մերժելը:
Հայաստանի ներկայացուցիչը շեշտեց, որ Ադրբեջանը ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից ունի՝ ապացուցված բողոքների բռնաճնշման նախապատմությամբ, տասնյակ քաղբանտարկյալների պատժելով: «Այն գաղափարը, որ քաղհասարակության ակտիվիստներն այնտեղ կարող են այդօրինակ մասշտաբի և ընդգրկման արշավ իրականացնել առանց պետական իշխանությունների ուղղորդման և օժանդակության, առնվազն անհամոզիչ է»,-ասաց նա:
Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը մեկուսի դեպք չէ, սա հերթական անգամ վկայում է համակարգային բռնության մասին, որի գլխավերևում կանգնած են ադրբեջանական իշխանությունները, ում նպատակն է ԼՂ-ի ժողովրդին ենթարկել էթնիկ զտման: Մարգարյանը ընդգծեց՝ եթե Ադրբեջանը հետաքրքրված է, որ բնապահպանական իրավիճակի անկախ գնահատում իրականացվի, ապա պետք է դիտարկվի ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայելու հնարավորությունը՝ խնդիրն ուսումնասիրելու նպատակով:
Ադրբեջանի պնդումները, թե լուծել է ԼՂ հակամարտությունը և անգամ վերացրել հազարամյակներ շարունակ հայերի կողմից բնակեցված տարածքի անվանումը, ակնհայտ վկայում են այն մասին, որ կանխամտածված ցեղասպանական քաղաքականության նշաններ կան: Մարգարյանը միջազգային հանրության ներգրավվածության շարունակումը միակ հնարավոր միջոցը համարեց՝ երաշխավորելու ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը:
«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ պահանջելու Ադրբեջանից լիարժեքորեն հարգել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անմիջապես ու անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը՝ վերացնելով տրանսպորտային հաղորդակցության անվտանգ և ապահով կազմակերպման բոլոր խոչընդոտները, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել ԼՂ-ում, Լաչինի միջանցքում՝ գնահատելու տեղի մարդասիրական իրավիճակը, ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների համար անխոչընդոտ հասանելիությունը ԼՂ մարդասիրական նպատակներով: Հայաստանը կոչ է անում ԱԽ-ին կատարել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պարտականությունը, ձեռնարկել պատշաճ միջոցառումներ և միանշանակ դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնք գոյութենական սպառնալիք են առաջացնում ԼՂ ժողովրդի համար, նրանց ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի համար՝ առանց արտաքին բռնաճնշման վախի»,-եզրափակեց Հայաստանի ներկայացուցիչը: