Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի. Զախարովա
Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, պետք է նաև կարգավորվեն տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ տարաձայնությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում են աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ, և նրանց ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 16-ից վերականգնվել է գազամատակարարումը, հումանիտար նշանակության փոխադրամիջոցների շարժը, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների: Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորվի: Կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել իրենց ստանձնած պարտավորությունները՝ երեք երկրների ղեկավարների հայտարարություններին համապատասխան: Դրանք ենթադրում են նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի ապահովում Լաչինի միջանցքով, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: