Նկարիչները նախաձեռնել են ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի
Մի խումբ հայաստանցի և ռուսաստանցի նկարիչներ ստեղծում են գրաֆիտիներ և սթիքերներ, որոնց վրա պատկերված է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը՝ #FreeArtsakh (Ազատ Արցախ) կարգախոսով։
Ակցիայի նպատակն է՝ հասարակության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից մեկ շաբաթից ավել շարունակվող Արցախի շրջափակմանը և մարդասիրական օդային միջանցքի բացման անհրաժեշտությանը։
Նախաձեռնությանը միացել են Երևանը, Դիլիջանը, Վանաձորը, Կրասնոդարը և այլ քաղաքներ։
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ողջ բնակչությունը գտնվում է հումանիտար ճգնաժամի մեջ՝ զրկվելով սննդի, դեղորայքի և վառելիքի մատակարարումից։
Նկարիչները կոչ են անում աշխարհի մշակութային հանրությանը չլռել և կիսվել #FreeArtsakh կարգախոսով՝ իրավիճակը փոխելու և Արցախի շրջափակումը դադարեցնելու համար։