Գեղարքունիքի փրկարարական վարչությունը վերազինվել է ժամանակակից տեխնիկական միջոցներով
Պետական միջոցների հաշվին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունը վերազինվել է ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ 2 «Ուրալ» մակնիշի հրշեջ մեքենաներով, 1 ռեանոմոբիլով և 1 «Պատրիոտ» ամենագնաց մեքենայով։ Այդ մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Տեխնիկական նորագույն միջոցների տրամադրման նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն է ժամանել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Նրան ուղեկցել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության պետ, գնդապետ Արմեն Գասպարյանը։
Նախարարին դիմավորել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը, Վահան Զարոյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը, վարչության աշխատակիցներ։
Արմեն Փամբուխչյանը նորագույն տեխնիկական միջոցներով վերազինվելու կապակցությամբ շնորհավորել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետին և աշխատակիցներին և հավաստիացրել, որ առաջիկայում ևս, կախված ստեղծված հնարավորությունից, կշարունակվեն տեխնիկական վերազինումները։
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գևորգ Գալստյանի հավաստմամբ՝ նորագույն հրշեջ մեքենաներից մեկը տրամադրվելու է Ճամբարակի, մյուսը՝ Վարդենիսի հրշեջ ծառայություններին։ «Պատրիոտ» ամենագնաց մեքենան ևս հատկացվում է Ճամբարակի հրշեջ տեղամասին՝ կենցաղային կանչերի սպասարկման համար, իսկ շտապ օգնության ռեանոմոբիլ ավտոմեքենան մնում է Գավառում, փրկարարական վարչության տրամադրության տակ՝ արտակարգ իրավիճակներում տուժած մարդկանց առաջին բուժօգնության ցուցաբերման նպատակով։
«Տրամադրված նորագույն տեխնիկական միջոցները չափազանց պահանջված էին մեր ստորաբաժանումների արդյունավետ գործունեության համար։ Թե՛ հրշեջ մեքենաները, թե՛ ռեանոմոբիլ և ամենագնաց մեքենաները բարձրացնելու են մեր ծառայության արդյունավետությունը, կանչերի սպասարկման արագությունն ու որակը, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում հայրենի կառավարությանը և ԱԻ նախարարին»,- նշել է Գեղարքունիքի մարզային փրկարարան վարչության պետ Գևորգ Գալստյանը։