Արագ շախմատի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները վերջին տուրերից առաջ
Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության տղամարդկանց մրցաշարում արդեն 9 տուր է անցկացվել:
Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը. նրանց ակտիվում 6-ական միավոր կա: Մրցաշարի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որին Մարտիրոսյանն ու Պետրոսյանը զիջում են 1,5 միավորով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը 5,5 միավոր ունեն:
Սամվել Տեր-Սահակյանն ու Զավեն Անդրիասյանի ակտիվում 5-ական միավոր կա, Մամիկոն Ղարիբյանի ու Ռոբերտ Հովհաննիսյանի ակտիվում՝ 4,5-ական, իսկ Տիգրան Հարությունյանի ակտիվում՝ 4 միավոր:
Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, որը 8 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և 10-րդ տեղն է զբաղեցնում՝ ընդամենը մեկ միավորով զիջելով առաջատարներ Չժոնգի Թանին, Ալեքսանդրա Գորյաչկինային և Շրի Սավիթային:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մարիամ Մկրտչյանն ու Լիլիթ Մկրտչյանն ունեն 4-ական միավոր, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ 3,5:
Արագ շախմատի աշխարհի առաջնությունը կավարտվի այսօր՝ դեկտեմբերի 28-ին: Տղամարդկանց մրցաշարում, ընդհանուր առմամբ, կանցկացվի 13, իսկ կանանց մրցաշարում՝ 11 տուր: