Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենակրտսեր անդամը 17-ամյա լողորդ է: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը նա է՝ Վարսենիկ Մանուչարյանը: Նա ծնվել է Երևանում 2003 թվականին: Վարսենիկն իր ուժերը կփորձի 100 մետր ազատ ոճում: Նա Օլիմպիական խաղերին մասնակցում է «Սպիտակ քարտ»-ով:

-Վարսենիկ, ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել լողով:

-Անկեղծ, որոշումը իմը չի եղել: Տատիկս որոշել է ու ինձ տարել լողի: Բայց ի սկզբանե հետաքրքրված էի թենիսով, սակայն այդ ժամանակ իմ տարիքային խմբում ազատ տեղ չի եղել: Եկել եմ լողի, ու իմ առաջին մարզիչը Այժեմնիկ Մինասյանն է եղել: Արագ եմ սկսել լողալ սովորել. սկսելուց մի քանի ամիս անց արդեն լողում էի: Երբ տատիկս և մայրիկս տեսան, որ լողում եմ, որոշեցին, որ կշարունակեմ այս մարզաձևում:

-Դուք ընդամենը 17 տարեկան եք և մասնակցելու եք Օլիմպիական խաղերին: Ի՞նչ եք ակնկալում:

-Այս Օլիմպիական խաղերն ինձ համար ահռելի փորձ են լինելու: Գիտակցում եմ, որ առավել ուժեղ և լուրջ լողորդների հետ եմ մրցելու: Հույս ունեմ, որ այս խաղերի փորձն ինձ կօգնի հաջորդ` Փարիզի Օլիմպիական խաղերին առավել լավ հանդես գալ:

-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք լողից դուրս:

-Տարօրինակ կհնչի, բայց սիրում եմ ըմբշամարտն ու ծանրամարտը: Միշտ հետևում եմ մեր մարզիկների ելույթներին միջազգային մրցաշարերում: Ինքս երկար տարիներ զբաղվել եմ նաև վոլեյբոլով: Հիմա սովորում եմ Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում: Այն կարծիքին եմ, որ մարզիկների համար կարևոր է նաև կրթությունը:

-Հիմա այդ նույն մարզիկների հետ նույն հավաքականում եք լինելու:

-Այո, այո: Դրա համար շատ ուրախ եմ, քանի որ մեծ հիացմունք ունեմ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ: Նա իմ ամենասիրելի մարզիկն է: Լոնդոնի Օլիմպիական խաղերում, երբ 3-րդն էր, իր համար շատ էի տխրել: Վստահ էի, որ Ռիոյի խաղերում կհաղթի:

-Բնութագրեք խնդրեմ Օլիմպիական խաղերը մեկ բառով:

-Երազանք:

– Մի քանի բլից հարցեր. լե՞ռ, թե՞ ծով:

– Ծով:

– Թո՞մը, թե՞ Ջերին:

– Թոմը:

– Նարդի՞, թե՞ շախմատ:

– Նարդի:

– Դոլմա՞, թե՞ խորոված:

– Խորոված:

– Պիցցա՞, թե՞ պաղպաղակ:

– Պաղպաղակ:

– Գի՞րք, թե՞ ֆիլմ:

– Ֆիլմ:

– Սո՞ւրճ, թե՞ թեյ:

-Սուրճ:

– Բատերֆլա՞յ, թե՞ թիկնալող:

-Բատերֆլայ:

– Շնորհակալ եմ զրույցի համար, հուսով եմ՝ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն