Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության էկոլոգիական անվտանգության պետական ծառայության ղեկավար Հիքմեթ Ալիզադեն հայտարարել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան-ցուցարարների արդեն 26 օր շարունակվող ակցիան չի դադարեցվի, քանի դեռ արդյունք չի գրանցվել:

«Ակցիայի մասնակիցները պահանջում են հանքավայրերում մշտադիտարկում անցկացնելու համար պայմաններ ապահովել: Կարծում եմ՝ մինչև այդ ցույցը կշարունակվի»,- մանրամասնել է նա։

Հատկանշական է, որ այս հայտարարությունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը Բաքվի կողմից համակարգված գործողություն է, և դրա բնապահպանական կամ քաղաքացիական բնույթի մասին պնդումները մտացածին են:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է. ՎԵԼԱՅԱԹԻ

Թեհրանը թույլ չի տա, որ Հարավային Կովկասում քաղաքական աշխարհագրությունը փոփոխության ենթարկվի՝ Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Սերգեյ Բաբուրինի հետ հանդիպմանը հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Tasnim գործակալության տվյալով՝ նա շեշտել է, որ տարածաշրջանի անվտանգությունն առաջնահերթություն է և պետք է ապահովվի:

Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի շուրջ զարգացումներին, համոզմունք հայտնել, թե հակամարտության համար մեղավոր են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն:

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՏԱՆԿԵՐ ԵՎ ՆԱՎԵՐ ԿԱՐՏԱԴՐԻ. ԱՔԱՐ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ իր երկիրը մոտ ապագայում տանկեր և նավեր կարտադրի։ Նա պնդել է՝ Թուրքիան ոչ մի պետության համար վտանգ չի ներկայացնում, իսկ թուրքական պաշտպանական արտադրանքը կբավարարի ինչպես Թուրքիայի, այնպես էլ հարևանների կարիքները:

Նախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիան չի հեռանա Կիպրոսից: «Հունաստանը պետք է իմանա, որ մենք ցանկանում ենք երկխոսություն վարել: Թուրքիան պատասխանատու չէ Հունաստանի սխալ հաշվարկների համար»,- հավելել է Աքարը:

ԵԽ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԿՈՄԻՏԵԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԱՔՈՒ

2022 թվականի դեկտեմբերին Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների դեմ կոմիտեի առաքելությունն այցելել է Ադրբեջան։ ԵԽԽՎ հաղորդագրության համաձայն՝ այցի հիմնական նպատակն էր հետաքննել կալանավորների իրավունքների խախտման դեպքերը։ Պատվիրակությունը նաև խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի արդյունքներով առաքելությունը նախնական մեկնաբանություններ է ներկայացրել Ադրբեջանի իշխանություններին։

Կոմիտեն դեռ 2018 թվականին Ադրբեջան կատարած այցերի արդյունքներով զեկույց է հրապարակել՝ եզրակացնելով, որ խոշտանգումները, ոստիկանության, այլ իրավապահ մարմինների և զինվորականների կողմից վատ վերաբերմունքի բոլոր ձևերը, ինչպես նաև կոռուպցիան և անպատժելիությունը Ադրբեջանի իրավապահ համակարգում համատարած և կանոնավոր բնույթ են կրում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն