Արդեն 33 օր Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Երեկվանից Արցախը զրկված է նաև ինտերնետից, բջջային կապն էլ աշխատում է խափանումներով։ Հունվարի 9–ից վնասվել է Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը։ Վթարն արձանագրվել է Աղավնո-Բերձոր հատվածում։ Վնասվել է նաև ինտերնետի մալուխը։ Ադրբեջանական կողմը, սակայն, թույլ չի տալիս վերացնել վթարները։ Արցախում մեկ ամսից ավելի է, ինչ դադարեցված են պլանային վիրահատությունները։ Նախատեսվում է, որ առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար կտրոնային համակարգը Արցախում  կսկսի գործել հունվարի 20-ից:

Օրական երկու ժամ հոսանքի անջատում, երեկվանից արդեն՝ ինտերնետի խափանում, բջջային կապի հետ կապված խնդիրներ, առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների պակաս․ Ադրբեջանը շարունակում է սեղմել շրջափակման օղակը Արցախի 120 հազար քաղաքացիների շուրջ։ Արդեն երկու օր է՝ ընդհատվել է ինտերնետ կապը՝ հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, նշելով, որ ինտերնետի մատակարարումը խափանվել է մալուխի վնասվելու պատճառով։ Ըստ ինտերնետ կապի օպերատորի՝ մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։ Արցախում նաև բջջային կապն է սկսել վատ աշխատել։ Սա փաստում է նաև «Ռադիոլուր»–ի զրուցակիցը՝ Իրինա Առուստամյանը՝ Ստեփանակերտից․

«Ինտերնետ չունենք։ Սրան գումարած՝ հովհարային անջատումները, լրիվ աշխարհից կտրված ենք։ Բջջային հեռախոսներն էլ նորմալ չեն աշխատում։ Ինքներդ մեզ չկարողացաք բջջային կապով զանգել։ Ֆիքսված կապից ենք քիչ ու միչ օգտվում։ Մի խոսքով՝ դժվարություններ դժվարությունների հետևից»։

Արդեն երրորդ օրն է, ինչ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախը էլեկտրաէներգիա չի ստանում։ Էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսով՝ համապատասխան սահմանափակումներով:

Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս վթարի վայրում իրականացնել վերականգնողական աշխատանքներ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և հումանիտար ճգնաժամը: «Արցախէներգո»–ի տնօրեն Անդրանիկ Խաչատրյան․

«Հովհարային անջատումենր կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հիմնական գիծը սարքված չէ։ Ամեն օր օրական երկու ժամ անջատումներ են լինում։ Ես տեղյակ չեմ՝ որևէ բանակցություն տարվում է գիծը վերականգնելու համար, թե ոչ»։

Շրջափակման պատճառով Արցախի դեղատներում կենսական նշանակության դեղամիջոցների և մանկական կերերի սղությունն ավելի է զգացվում։ Այս պահի դրությամբ, ի թիվս բազմաթիվ դեղատեսակների, զգալիորեն պակասում են կաթնախառնուրդները, մանկական տակդիրներն ու հակաբիոտիկները։ Բացակայում են հատկապես մինչև 6-7 տարեկան երեխաների համար հեղուկ հակաբիոտիկները և ջերմիջեցնող դեղերը։ Բացակայում են նաև շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցները, ինսուլինի ներարկիչները։

Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Մհեր Մուսայելյան․

«Լաբորատոր հետազոտություններ կան, ո րոնք մենք չենք կարողանում իրականացնել։ Կան նաև հիվանդներ, որոնց հարազատները հրաժարվում են տեղափոխել Հայաստան, քանի որ գիտեն, որ չեն կարողանալու հետ վերադառնալ։ Իսկ Հայաստանում մնալը ծախսատար է»։

Արցախում պարենային ապրանքների, վառելիքի, կրթության հետ կապված խնդիրները ամեն օր ավելի ու ավելի ակնհայտ են դառնում։ Շրջափակման պատճառով Արցախի 120 հազար բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30 հազար երեխա, 20 հազար տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ) բազմաթիվ զրկանքներ է կրում և արդեն կանգնած է սովի ռիսկի առջև:ԱՀ գյուղատնտեսության նախարարությունն ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը  փորձում են այնպես անել, որ պահուստային ֆոնդից տնտեսվարողներին տրամադրվող պարենամթերքը բաշխվի հավասարապես և ժամանակին։ Գյուղատնտեսությանն նախարար Հրանտ Սաֆարյան․

«Հատկապես մեծ խնդիր է ստեղծում դիզվառելիքը, որի պակասը  կաթվածահար է արել գյուղատնտեսության ոլորտը։ Դադարեցված են գյուղատնտեսական բոլոր աշխատանքները։ Շրջափակման մեջ հայտնվելու առաջին օրերին ադրբեջանական կողմը դադարեցրել է նաև գազամատակարարումը, որը նույնպես իր հերթին   վնաս է հասցրել գյուղատնտեսությանը։ Էլ չենք խոսում Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիայի անջատման մասին» ։

Շրջափակման առաջին իսկ օրվանից աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ, քաղաքական–հասարակական գործիչներ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը:  Ադրբեջանը, սակայն, արդեն 33 օր է շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն