11058 դիմորդներից 1546-ը ստացել են անբավարար գնահատականներ, բուհերում կան մոտ 1500 թափուր տեղեր. Կարո Նասիբյան
Միասնական քննություն հանձնելու համար հայտագրված 11058 դիմորդից առաջին հայտով ընդունվել է 8083 դիմորդ: Մրցույթից դուրս մնացածների թիվը 2935 է, որի մեջ մտնում են նաեւ նրանք, ովքեր չեն հաղթահարել դրական շեմը՝ 1546 դիմորդ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
ԳԹԿ փոխտնօրենն ընդգծեց՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի դիմորդները քննություն են հանձնել առավելագույնը երկու առարկաներից:
«Կտրվածների թիվը պետք է բաժանել երկու մասի. կան դիմորդներ, որոնք երկու քննություն են հանձնել, երկուսից էլ անբավարար են ստացել, եւ կան դիմորդներ, որոնք հանձնել են մեկ քննություն, եւ այդ մեկ քննությունից էլ կրկին անբավարար են ստացել: Իսկ եթե դիմորդը երկու քննություններից որեւէ մեկից դրական գնահատական է ստացել, բնականաբար նա կարող է մասնակցել լրացուցիչ՝ թափուր մնացած տեղերի մրցույթին»,- նշեց Կարո Նասիբյանը:
Նրա խոսքով՝ թեպետ այս ուստարվա համար բուհերին հատկացվել է 1824 անվճար և 21820 վճարովի տեղ, այնուամենայնիվ բուհերում թափուր մնացած տեղերի թիվը մեծ է: Պետական եւ ոչ պետական բուհերում մոտ 15 հազար թափուր տեղ կա:
ԳԹԿ փոխտնօրենը այստեղ եւս շեշտեց՝ թիվը մեծ է, քանի որ բացի պետական բուհերից հաշվառված են նաեւ նաեւ ոչ պետկան բուհերի թափուր մնացած թվերը:
Կարո Նասիբյանի խոսքով՝ այս տարի եւս մեծ մրցակցություն եղել է բժշկական համալսարանաի «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա», ԵՊՀ «Իրավագիտություն» մասանգիտությունների եւ ՏՏ ոլորտի մի շարք մասնագիտությունների գծով:
«Առաջին տեղերում, ինչպես միշտ, ՏՏ ոլորտի մասնագիտություններն են, թեպետ բուհերը այդ մասնագիտությունները բաժանել են մի քանի հատվածների, այնուամենայնիվ այդ ոլորտն այս տարի եւս պահանջված է: Պահանջված մասնագիտություն է նաեւ իրավագիտությունը, օրինակ՝ իրավագիտության դիմորդների մոտ կեսն ընդունվել է. 135 հոգի դուրս են մնացել, որոնցից 22-ը անբավարար են ստացել:
Եթե տարիներ շարունակ պահանջված էին տնտեսագիտական մասնագիտությունները՝ հատկապես՝ «Ֆինանսներ եւ վարկ», «Կառավարում» մասնագիտությունները, այս տարի այդ մասնագիտություններում ընդունվել են նույնիսկ շատ ցածր միավորներով, կարելի է ասել համարյա մրցակցություն չի եղել: Ըստ այդմ՝ տնտեսագիտական համալսարանում ունենք շատ թափուր տեղ: Ընդհանրապես՝ այս մասնագիտությամբ շատ թափուր տեղեր ունենք»,-նշեց Կարո Նասիբյանը:
Խոսելով մարզերի համալսարանների թափուր մնացած տեղերի ցավոտ պատկերի մասին՝ ԳԹԿ փոխտնօրենը նշեց, որ մարզերում գտնվող բուհերի վիճակը այդքան էլ բարվոք չէ, օրինակ՝ Գորիսի պետական համալսարանում միասնական քննություններով ընդունվել են ընդամենը 52 դիմորդ, այսինքն՝ այս համալսարանում շատ մասնագիտոթյուններ թափուր են:
Կարո Նասիբյանը համեմատություն անցկացնելով նախորդ եւ այս տարիների միջեւ, նշեց, որ այս տարի եւս դիմորդների կողմից մեծ հետաքրքրության չեն արժանացել եւ քիչ դիմելիություն են ունեցել քիմիա առարկային վերաբերող մասնագիտությունները, ինչպես նաեւ ԵՊՀ «Կրոնագիտություն», «Աստվածաբանություն», «Արվեստաբանություն», «Մշակութաբանություն» մասնագիտությունները: