Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել անմիջապես հետ քաշել բոլոր ուժերը Հայաստանի տարածքից
Եվրոպական խորհրդարանը 407 կողմ, 92 դեմ, 142 ձեռնպահ ձայներով ընդունել է «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022 թվականի տարեկան զեկույցի» հիման վրա պատրաստված բանաձևը: Զեկույցը հեղինակել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը: Կառույցի համար առանցքային այս փաստաթղթում մի շարք կարևոր արձանագրումներ կան նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:
Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան, որը հրադադարի ռեժիմի խախտում է և լուրջ հետևանքներ է ունեցել խաղաղ գործընթացի համար: Մտահոգված ենք նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված՝ ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի համար:
Եվրախորհրդարանը վերահաստատում է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի, և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես հետ քաշել բոլոր ուժերը Հայաստանի տարածքից և ազատ արձակել պահվող ռազմագերիներին:
Եվրոպական խորհրդարանում համոզված են՝ ռազմական միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հասնել հնարավոր չէ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975 Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2009 թվականին ներկայացված՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման հիմնարար սկզբունքները:
Ընդգծվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է հասցեագրի հակամարտության արմատական պատճառները՝ այդ թվում ԼՂ-ում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանված անձանց ու փախստականների վերադարձը, մշակութային, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը:
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ
Եվրախորհրդարանականներն աջակցություն են հայտնել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությանը: Միևնույն ժամանակ՝ որպես տարածաշրջանում կայունության ապահովման գործոն, կարևորում է Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը:
Եվրախորհրդարանը Եվրոպական խորհրդին կոչ է անում ընդլայնել Եվրամիության դիտորդական առաքելության փորձագետների քանակը, ավելացնել առաքելության կարողություններն ու ամրապնդել ներկայությունը տարածաշրջանում:
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՄԻՋԱՆՑՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԸ
Եվրախորհրդարանի բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը, շեշտվում է՝ դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը սպառնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հումանիտար ճգնաժամով: Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը: Հիշեցնում ենք, որ միայն դիվանագիտական միջոցները կարող են ապահովել հակամարտության երկարաժամկետ և արդար լուծում, ինչից կօգտվեն Հայաստանի և Ադրբեջանի բնակչությունը:
Բանաձևում կարևորվում է Հայաստանի հետ ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացումը, ինչպես նաև Եվրամիության և Ադրբեջանի միջև նմանատիպ համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ շեշտվում է՝ Բաքվի հետ հարաբերությունների խորացումը պետք է կախված լինի Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների հարցում դինամիկայից:
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ԲԱՆԱՁԵՎԻՆ
Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին և դրա մեջ տեղ գտած կարևոր շեշտադրումներին Հայաստանի կառավարության նիստին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ընդունված փաստաթուղթը շատ կարևոր է այն առումով, որ, ըստ էության, արտահայտում է օբյեկտիվ իրականությունը, և պիտի նաև այս առումով շնորհակալություն հայտնեմ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, ՀՀ մեր այն գործընկերներին, որոնք շարունակական հետևողական աշխատել են օբյեկտիվ տեղեկատվությունը Եվրախորհրդի պատգամավորներին և մեր գործընկերներին հասցնելու ուղղությամբ:
Ամփոփելով ելույթը՝ վարչապետը վստահություն հայտնեց՝ այս ուղղությամբ շարունակական ջանքերի շնորհիվ հնարավոր է հասնել հռչակված քաղաքական օրակարգի իրականացմանը: