Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ հաստատվել է իր նախկին կնոջ և նրա ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառող Ա.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: 2023 թվականի հունվարի 3-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Ա.Գ.-ն 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է գործադրել իր նախկին կնոջ՝ Ջ.Մ.-ի, վերջինիս ծնողներ Հ.Մ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ:

Բռնությունը զուգորդվել էր վերոնշյալ անձանց առողջությանը թեթև հատկանիշեր պարունակող և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ պատճառելով: Հաշվի առնելով հիշյալ անձի կողմից տևական ժամանակ ցուցաբերվող հակաիրավական գործողությունների բնույթը և դրանք կանխելու անհրաժեշտությունը՝ հսկող դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 19-ին և նոյեմբերի 28-ին Ա.Գ.-ի նկատմամբ 19 դրվագով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում էր կայացվել, այն ուղարկվել էր վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար:

Նույն օրը մեղադրյալ Ա.Գ.-ն ձերբակալվել էր, միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կալանք կիրառելու վերաբերյալ. դատարանը բավարարել էր միջնորդությունը:

Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով, որը 2022 թվականի դեկտեմբերին ևս երկու ամսով երկարաձգվել էր:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն