ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր նախատեսված հանդիպմանը կքննարկեն Հայաստանում ԵՄ նոր առաքելության հաստատման հարցը: Հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով կառույցում իր դիվանագիտական աղբյուրին: Նշվում է, որ ԵՄ-ն մտահոգությամբ է հետևում նաև Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար։

ԵՄ բարձրաստիճան դիվանագետը տեղեկացրել է, որ հանդիպմանը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չեն քննարկվելու։ Ներկայումս ԵՄ-ի առաջնահերթությունը Ուկրաինային օգնելն է։ Այդ կապակցությամբ արտգործնախարարները կքննարկեն Կիևին 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն հատկացնելու հարցը։

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ԵԱՏՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության առաջնահերթություններից պետք է լինեն տեխնոլոգիական ներուժի զարգացումը և այդ ոլորտում իրական անկախությունը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը բոլոր հնարավորություններն ունի դառնալու բազմաբևեռ աշխարհի հզոր, անկախ բևեռներից մեկը։ «Միությունը հնարավորություն ունի դառնալու ձգողության կենտրոն բոլոր անկախ պետությունների համար, որոնք կիսում են մեր արժեքները և ձգտում են համագործակցել Եվրասիական տնտեսական համայնքի հետ»,- նշել է Կրեմլի առաջնորդը:

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցնում էներգետիկայի ոլորտում։ «Էներգետիկ շուկաների ստեղծման ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն համակարգված և ստուգված հիմունքներով»,- նշել է ՌԴ նախագահը:

ԵՎՐՈՊԱՅԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՌԴ-ԻՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոպային հաջողվել է լիովին հաղթահարել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը՝ հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Մենք գնաճի չափազանց լարված փուլ անցանք, բայց վերադարձանք նախապատերազմյան իրավիճակին»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ Նրա կարծիքով՝ էներգետիկ շուկայում լարվածությունն այլևս չի կարելի կապել Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Բորելը հույս է հայտնել, որ շուտով Եվրահանձնաժողովը կներկայացնի իրավիճակի շտկմանն ուղղված առաջարկ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎՈՒՉԻՉԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԼՔԵԼ ԻՇԽՈՂ ՈՒԺԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ

Սերբիայի առաջադիմական կուսակցության գործադիր կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատրաստ է լքել քաղաքական ուժի ղեկավարի պաշտոնը: Դարկո Գլիշիչը նշել է, որ Վուչիչի հրաժարականը կլինի ամենավատ բանը, որ կարող է պատահել Սերբիայի հետ: Դեռ անցած տարվա հոկտեմբերին Վուչիչը հայտարարել էր, որ Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար պատրաստ է լքել պաշտոնը:

Հունվարի 22-ին Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը հայտարարել էր, որ Սերբիան պետք է բարդ որոշումներ ընդունի, այդ թվում՝ Կոսովոյի և Մետոխիայի վերաբերյալ՝ հաշվի առնելով բնակչության դիրքորոշումը:

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ համաձայնության ճանապարհին սահմանել են քայլեր, որոնցից մեկը մոտ ապագայում կիրականացվի: «Եթե բանակցող մյուս կողմը լուրջ կամք ու ցանկություն դրսևորի, ու մեր շահերն ապահովվեն, համաձայնությունը կկայանա»: Իրանի գլխավոր դիվանագետը նաև ընդգծել է, որ ամերիկացիները եվրոպական եռյակից շատ ավելի շուտ հասկացան, որ Իրանում անկարգությունները որևէ արդյունք չեն ունենա: «Նրանք հաղորդագրություն ուղարկեցին, որ պատրաստ են վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին. մենք որոշումներ ենք կայացնում ու գործում այն դեպքում, երբ զգում ենք, որ ժողովրդի շահն ապահովված է»,- հայտարարել է Աբդոլլահիանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն