«Իրավունք» թերթը գրում է. «Զինվորական կեցավայրում բռնկված հրդեհից տուժած երեք զինծառայողներից երկուսը շարունակում են շնչուղիների այրվածքներով մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Փոքր ինչ բարելավվել է նրանցից ժամկետային զինծառայող Լյովա Խառատյանի վիճակը, նա միացված է շնչառական սարքին: Քննչական կոմիտեից փոխանցում են՝ հարցաքննվել են տասնյակ զինվորականներ, քննությունը շարունակվում է:

Որքանո՞վ էր իրավաչափ դեպքից ժամեր անց կարգել մեղավորներ եւ գլխատել մի ողջ բանակային կորպուս, ինչքանո՞վ է պաշտոնական վարկածը իրատեսական՝ հաշվի առնելով դեպքից հետո համացանց սպրդված կադրերը եւ սպայական կազմի հակասական ցուցմունքները: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի հետ, ով նախ նկատեց. 

«Նախ, վարկած ի սկզբանե առաջ քաշելն իրավաբանության, կրիմինալոգիայի տարրական կանոնները իմացողի համար արդեն իսկ զավեշտալի է դառնում: Բոլորին ուսանողը տարիներից սովորեցնում են, որ կատարված հանցագործությունների դեպքում՝ մեկ վարկած չէ, որ պետք է առաջ քաշել: Առաջ են քաշվում տարբեր վարկածներ, իսկ հետաքննությունը եւ նախաքննությունը սկսվում են առավել ծանր դեպք նախատեսող վարկածներից: Առավելեւս այս պարագայում, երբ երկիրը գտնվում է տոտալ օկուպացման մեջ, երբ թշնամին այդ նույն զորամաս կոչված գոմից ընդամենը մետրերի հեռավորության վրա է գտնվում, երբ ամեն օր թիրախավորվում են բնակիչներն ու տեխնիկան, առաջ քաշել ընդամենը մեկ վարկած եւ բեմականացված կառավարության նիստ իրականացնել այդ վարկածը հանրությանը հրամցնելու համար` ոչ միայն զավեշտալի է, այլ հանացագործություն է:

Պարոն Համբարձումյան, ականատես լինելով դեպքին հաջորդող իրականությանը, ի՞նչ վարկածներ առաջ կքաշեիք Դուք, եթե ինքներդ վարեիք այս գործի քննությունը:

Առաջին վարկածը, որ դա թշնամու կողմից իրականացված դիվերսիոն, ահաբեկչական ակտ էր, որովհետեւ, այսպես ասած, քթների տակ գտնվում է թշնամին: Բայց ինչ արեց կառավարության ղեկավար կոչվածը: Նա հայտարարեց վարկած, որով տպավորություն էր ստեղծվում, որ հովանավորում, քողարկում էր թշնամուն եւ փոխարենը սահմռկեցուցիչ դեպքը վերագրում էր զոհված տղաներին, թե իրենք են, փաստորեն, իրենց գլխին սարքել եւ արդյունքում կենդանի այրվել: Չի կարելի երկրի թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի մակարդակով հայտարարել պաշտոնական վարկած` ուղղորդելով քննչական մարմիններին, իսկ այն, ինչ մենք տեսանք, դասական ուղղորդման դեպք էր:

Պարոն Համբարձումյան, առանց պատշաճ քննության բարձրագույն զինվորականությանը ժամեր անց պաշտոններից ազատելը որքանո՞վ է իրավաչափ:

Նախ փաստեմ, որ այդ «բարդակ» իրավիճակը, այդ գոմը, որպես զորանոց օգտագործելը, արդեն իսկ հանցագործություն է: Եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, որ որեւէ շարքային զինծառայողի անփութության հետեւանք էր, ինչո՞ւ պետք է գլխատվեր մի ամբողջ բանակային կորպուս: Եթե բանակային կորպուսի հրամանատարին հանում եք մեղավոր, բա Դուք մեղավոր չե՞ք` գոմը զորանոցի վերածելու համար: Բա բյուջեով նախատեսված 350 միլիարդի կեսը, որ չեք իրացրել, ինչի՞ համար էիք պահում:

Հ.Գ. Նշենք նաեւ, որ դեպքի հետ կապված մնում են բազմաթիվ հարցականներ, որոնց կանդրադառնանք վաղվա մեր համարում»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն