«Ժողովուրդ». Արտակ Դավթյանն ու Արշակ Կարապետյանը հայհոյել և աթոռ են նետել միմյանց վրա. մանրամասներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ աշխատանքային ժամի ավարտին՝ 17:00-18:00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի աշխատասենյակում թեժ վիճաբանություն է եղել ԳՇ պետ Դավթյանի եւ նրա առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի միջեւ:
Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունն այնքան է թեժացել, որ բանը հասել է հայհոյանքների, աթոռ, մոխրաման միմյանց վրա նետելուն, որից հետո վեճն արդեն շարունակվել է միջանցքում: Իսկ թե կոնկրետ ինչու եւ ինչ թեմայի շուրջ են վիճել շտաբի պետն ու նրա տեղակալը, աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թեեւ վեճի մի մասը տեղափոխվել է նաեւ միջանցք: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Զինված ուժերի գլխավոր շտաբից՝ նախ հետաքրքրվելով՝ վեճ եղել է, թե ոչ, ինչի շուրջ են վիճել ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու իր առաջին տեղակալը:
Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը հայտնեց. «Ձեր տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում