Ոճրագործ իշխանություններին վռնդելու գործում պետք չէ կանգնել որևէ միջոցի ընտրության խտրականության առաջ. հայտարարություն
Իսկ այս ոճրագործ իշխանություններին վռնդելու գործում արդեն պետք չէ կանգնել որևէ միջոցի ընտրության խտրականության առաջ: Այս մասին ասվում է պահեստազորի սպաների 3 ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ:
«Հայ ժողովուրդն ու երկիր հայրենիքը գտնվում է օրհասական վիճակում, կորցնում ենք մեր եսն ու ինքնությունը, ապրելու ու գոյատևելու իրավունքը:
Թուրքը շարունակում է լկտիաբար ներխուժել մեր հայրենի տարածքներ՝ դիրքավորվում, սպանում ու գերեվարում է մեր զինվորներին, իսկ ազգադավ ժ/պ-ն մեր զինվորներին արգելում է պաշտպանվել՝ դնելով նրանց մատաղացու գառների վիճակում:
Հիշեք՝ Արցախը հանձնեց իբրև թե 30.000 հայ զինվոր փրկելու համար, հիմա հանձնում է մեր տարածքները, զոհաբերում մեր զինվորներին իբրև թե նոր պատերազմ չհրահրելու համար:
Թուրք զինվորն արդեն մեր տանն է, իսկ թուրքահպատակ իշխանությունները տունը պաշտպանելու, թուրքին վռնդելու փոխարեն մեղադրում են ՀԱՊԿ-ին: Մեզ ապտակում, ստորացնում ու սպանում են, իսկ մենք ձեռքներս ծալած սպասում ու խնդրում ենք, որ հարևանը գա ու մեզ փրկի. իսկ ու՞ր է հայոց բանակը:
Այս ամոթը բոլորինս է՝ իմը, քոնը, բանակինը, հայ ազգինը:
Անհայրենիք իշխանություններին էլ հորդորելու, խրատելու կամ խելքի բերելու ոչ ժամանակ կա և ոչ էլ իմաստ:
Հետևաբար դիմում ենք մեր բանակին, մեր զինված ուժերին՝ վերջապես ուշքի եկեք:
Դուք Գ/Շ-ի պետի տեղակալին աշխատանքից ազատելու և նրա շահերը պաշտպանելու համար ավելի քան 40 գեներալներ ու բարձրաստիճան սպաներ՝ Գ/Շ-ի պետի գլխավորությամբ հայտարարությամբ հանդես եկաք և պահանջեցիք այս ազգադավ իշխանությունների հրաժարականը, հավանաբար ձեր աչքի առաջ ունենալով նույն ճակատագրին արժանանալու վախը, սակայն ի զարմանս շատերի ետ կանգնեցիք ձեր սկզբունքներից, շարունակեցիք ու շարունակում եք ծառայել դավաճան իշխանություններին՝ մանկական վախվորածությամբ ոտքի թռչելով ժ/պ-ի առաջ:
Մի՞թե հիմա էլ եք լռելու ու համակերպվելու այս անձի կողմից մեր հայրենիքը թշնամուն հանձնելու քաղաքականության հետ:
Հայրենիքը ոչնչով չի վաճառվում, իսկ դուք ձեր հնազանդությամբ այն հանձնում եք՝ պաշտոնի ու աշխատավարձի դիմաց:
Մեր՝ երբևէ հաղթանակած բանակի գեներալներ ու սպանե՛ր, թոթափեք ձեր վրայից խեղճի, ստորացվածի և պարտվածի զգացումը, դադարեցրեք լինել ազգադավ ժ/պ-ի ու նրա ոհմակի կամակատարը, չէ՞ որ դրանով դուք դառնում եք նաև մեր ոխերիմ թշնամու՝ թուրքի կամակատար:
Բարձրացրեք ձեր գլուխը, ուղղեք ձեր մեջքը, արժանի եղեք Ձեր կոչմանը, վերգտեք սպայի պատիվն ու արժանապատվությունը՝ եղեք առաջնագծում կանգնած մեր զինվորի ու սպայի կողքին:
Գիտակցեք՝ ծանր է դավաճանի խարանը, այն լինելու է ոչ միայն Ձեր, այլ նաև Ձեր զավակների ու հետնորդների խարանը:
Իսկ այս ոճրագործ իշխանություններին վռնդելու գործում արդեն պետք չէ կանգնել որևէ միջոցի ընտրության խտրականության առաջ:
Հիշեք՝ ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻՆ փրկելու համար բոլոր միջոցներն արդարացված են:
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄ
ԱԱԾ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ Հ\Կ
«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԱՀԱՆ» ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»: