Զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը. Սուրեն Պապիկյան
Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս։ Շրջելով զորամասի տարածքում՝ նախարար Պապիկյանը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։
Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ձմեռային զորակոչի շրջանակում ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկների հետ։
Հետաքրքրվելով նրանց ծառայությամբ ու տրամադրությամբ՝ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը։
Նախարարը նաև ներկայացրել է որոշ մանրամասներ՝ ՊՆ-ում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ 2022 թվականի ուսումնական տարվա արդյունքներով, մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, զինվորական օրինակելի կարգապահության համար զորամասը ճանաչվել է ուսումնական լավագույն զորամաս։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամասի հրամանատարին է հանձնել պատվո դրոշը: