Տնտեսական թվային ցուցանիշերն աճում են, բայց առկա են նաև բազմաթիվ իրական խնդիրներ․ Արսեն Ղազարյան
Հանրապետության տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ, այդ թվում՝ վարչարարության, կառավարման մշակույթի բարելավման առումով։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ ՀԱԳՄ փետրվարի 2-ին կայացած խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ Միության առաքելություններից պետք է լինի տարբեր հարթակներում ու ձևաչափերով համախմբել տնտեսության հարցերով շահագրգիռ տարբեր կառույցներին, փորձագիտական խմբերին, ձևակերպել հուզող խնդիրները, ձեւավորել միասնական մոտեցումներ, հարցապնդումներ ու քաղաքակիրթ եղանակով դրանք ներկայացնել պետական պատկան մարմիններին՝ լուծումներ գտնելու, գործարար միջավայրը բարելավելու նպատակով։
Արսեն Ղազարյանը ՀԱԳՄ ճյուղային կառույցներին, հանձնաժողովներին կոչ է արել առավել ակտիվություն դրսևորել, վեր հանել բնական գործունեությանը խանգարող խոչընդոտները, մշակել երաշխավորություններ և տարբեր ուղիներով հետամուտ լինել դրանց կյանքի կոչմանը։ Նշվել է, որ առաջիկայում Միությունը հանդիպումների ու խորհրդակցությունների շարք կսկսի հանրապետությունում գործող տնտեսական ուղղվածության այլ հասարակական կազմակերպությունների, կառույցների հետ՝ ոլորտի արդիական հիմնախնդիրները հավաքագրելու, միասնական լուծումներ ձևավորելու նպատակով։
Նիստի օրակարգային հարցերից էր Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի քննարկումը։ Նշվել է, որ թեև Միությունը, այլ շահագրգիռ կառույցների հետ, բազմաթիվ քննարկումներ է ունեցել ու առաջարկներ ներկայացրել, որոնցից մի մասը հաշվի է առնվել, սակայն մշակված վերջնական տարբերակը նույնպես հեռու է բավարար լինելուց։
Կարծիքներ են հնչել, որ առաջարկվող համակարգը չի կարող արդյունավետ աշխատել, հակակշիռներ չի նախատեսում, առողջապահական ծառայությունների որակը երաշխավորված չէ, ինչպես նաև՝ մտավախություն կա, որ այն կդառնա գործատուների համար նախատեսված հերթական հարկատեսակ։ Առաջարկվել է մինչև վերջնական ընդունումն այլ շահագրգիռ կողմերի հետ շարունակել աշխատանքները՝ որդեգրած քաղաքականության մեջ պարունակվող անընդունելի դրսևորումները չեզոքացնելու համար։
Գործարարները մտահոգություններ են արտահայտել նաև «ՀՀ գնումների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների փաթեթի առնչությամբ։ Որոշվել է փաստարկված և կառուցողական մասնակցություն ունենալ վերջինիս նախագծի քննարկումներին։
Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով վերջերս ուժի մեջ մտած իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթին, նիստում որոշում է կայացվել առաջիկայում կազմակերպել կոնֆերանս՝ օրենքով նախատեսված կարգավորումների մասնագիտական մեկնաբանման և գործարար շրջանակներին իրազեկման նպատակով։
Նիստի մասնակիցներն իրենց դիտարկումները հնչեցրել ազգային արժույթի շարունակվող արժևորմամբ պայմանավորված արտահանման ոլորտի առջև ծառացած դժվարությունների, ունեցած կորուստների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել ծխախոտի արտադրության, գինեգործության, մի շարք այլ ոլորտներում ԵԱՏՄ կանոնակարգումներով նախատեսված մակնշման նոր պահանջների կիրառման հետևանքով արտահանողների առջև ծագած բարդություններին։ Նշվելէ , որ գործընթացն իրականացվում է հապճեպ, համակարգերը, հատկապես փոքր և միջին գործարարությունը, պատրաստ չեն դրա այսրոպեական ներդրմանը։ Որոշվել է համակարգել և ամբողջացնել առկա խոչընդոտներն ու առաջարկները՝ պետական համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով։
Քննարկվել են այլ հարցեր ևս, այդ թվում՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ինչպես նաև Հայաստանի Ռազմավարական զարգացման հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները։