Ղազախստանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ՝ ընդլայնված կազմով, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, նաև Ուզբեկստանի վարչապետը և միությունում Կուբայի դիվանագիտական ներկայացուցիչը:

Քննարկվել են եվրասիական ինտեգրացիային, թվային համագործակցությանն առնչվող հարցեր: Որոշվել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու հունիսին` Սոչիում:

Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին նախորդել է «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստը։  ԵԱՏՄ երկրների վարչապետները շրջել են  բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված ցուցահանդեսի տաղավարներով։

Հայաստանի Հանրապետության՝ ՏՏ ոլորտում շրջանառությունը 2022 թվականին աճել է ավելի քան 50%-ով, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում հետևողականորեն աճում է՝  համաժողովին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կարևորել է ԵԱՏՄ տարածքում միասնական թվային տարածության ձևավորումը։

«Վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ ժամանակակից մարտահրավերները կարող են ակնթարթորեն փոխել մեր կյանքի սովորական ընթացքն անցանկալի ուղղությամբ, եթե չձեռնարկվեն համատեղ և հարմարադեպ միջոցներ։ Ակնհայտ է, որ գործնականում չկա մի երկիր, որն ի վիճակի լինի միայնակ դիմակայել գլոբալ մարտահրավերներին։ Սա հստակ ցույց տվեց, օրինակ, կորոնավիրուսի համավարակը։ Մենք բոլորս բախվեցինք միևնույն մարտահրավերներին և ստիպված եղանք համատեղ ջանքերով հաղթահարել լոքդաունի և բուն համաճարակի հետևանքները»։

Որպես օրինակ վարչապետը նշել է «Ճանապարհորդում եմ առանց Covid-19–ի» բջջային հավելվածը, որը մշակվել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից և ապահովել էերկրների միջև քաղաքացիների ազատ տեղաշարժի վերականգնումը։ Հավելվածում ներբեռնված 5 միլիոն թեստերը նշանակում են 5 միլիոն ուղևորություն. հավելվածը կայացել է Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների ակտիվ աջակցության շնորհիվ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

 «Ես առաջարկում եմ արդեն իսկ սկսել քննարկել հավելվածի՝ որպես «համաճարակաբանական վահան» գործիք և բժշկական նշանակություն ունեցող տեղեկատվության փոխանցման վստահության մեխանիզմ օգտագործելու հեռանկարները»։

Փաշինյանը  խոսել է նաև  «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային հարթակի մասին ։ Բջջային հավելվածի ռուսական տիրույթը սկսել է գործել 2022 թ.-ին, հավելվածում հասանելի է նաև Հայաստանի Հանրապետության ազգային տիրույթի առաջին ամբողջական տարբերակը։ Փաշինյանի խոսքով՝  այս ծառայությունից արդեն օգտվել է շուրջ 60 հազար օգտատեր։



Հարթակի վերջին նորամուծություններից մեկը  workpermit.am-ն է, որի միջոցով տրվում են Հայաստանում աշխատանքի և բնակության թույլտվություններ։ Ամբողջ գործընթացը տեղի է ունենում առցանց հարթակում ներկայացված մեկ դիմումի հիման վրա։ Թվային գործիքն ապահովում է այս գործընթացում ներգրավված հինգ պետական գերատեսչությունների համակարգված փոխգործակցությունը:

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը,  արձագանքելով «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հեռախոսային հավելվածին, հիշեցրեց, որ այն ստեղծվել է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից,ինչը հնարավորություն տվեց համավարակի ամենաբուռն շրջանում բացել սահմանները նախ Ռուսաստանի և Հայաստանի, ապա ԵԱՏՄ այլ երկրների միջև։

 «Քովիդ -19 նախաձեռնությունը ինչի մասին խոսեց Նիկոլ Վովաևիչը սկզբից նույնպես միանշանակ չընդունվեց մեր գործընկեր երկրների կողմից, սակայն ի վերջո դրան միացան բոլոր հինգ երկրները և ոչ միայն։ Իհարկե, այն պետք է զարգացնել, հենց դա է ԵԱՏՄ իմաստը»։

«Digital Almaty-2023» թվայնացման միջազգային համաժողովի լիագումար նիստում, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը  շեշտել է, որ ԵԱՏՄ երկրների տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ տարակարծություններ կան, և անհրաժեշտ  է  ազգային և միջպետական տեղեկատվական հոսքերի ներդաշնակեցում, ԵԱՏՄ միասնական պահանջների ձևավորում։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերին, որ ՀՀ-ն շահագրգռված է ընդհանուր էներգետիկ շուկայի զարգացմամբ,նշել  է, որ ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 90 %-ով և կազմել մոտ 4,5 մլրդ դոլար։

ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի հարցերի շրջանակում նա Հայաստանի համար արդիական համարեց մասնավորապես այն, որ հնարավորություն լինի ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ համակարգերին միացումը Միության անդամ չհանդիսացող երկրի միջոցով Հայաստանի դեպքում Վրաստանի միջոցով,  դրանով ստեղծելով տեխնիկական և իրավական նախադրյալներ՝ փոխշահավետ շուկայական պայմանագրեր կնքելու համար։

ՌԴ վարչապետ Միխայել Միշուստինն էլ նկատել է, որ  ԵԱՏՄ-ի վերաբերյալ բացասական կանխատեսումները  չիրականացան, աճ է նկատվում բազմաթիվ ոլորտներում. Նա շեշտել է, որ ԵԱՏՄ-ն աջակցում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին, որը կամրապնդի առևտրային համագործակցությունը Հնդկաստանի, Իրանի, ԱՄԷ-ի հետ։

 «2022 թվականին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 1,5 տրլն դոլար։ Աճել է նաև գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը, սակայն ներուժն ավելի է և պետք է այն լիարժեք օգտագործել՝ ավելացրել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։

 Որոշվել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերը, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսը կկայանան ընթացիկ տարվա հունիսին Սոչիում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն