Ես միայն չեմ հասկանում, թե ինչպես կարող էին այս բոլոր որակի մարդիկ մեկտեղվել. Արմինե Օհանյան
Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք չեն եղել Արցախում, Արցախն իրենց համար գոյություն չունի, գուցե նաև ինչ որ կոնկրետ արցախցու հետ տհաճ շփում են ունեցել, որից վատ նստվածք է մնացել և իրենց սիրտը բոլորովին չի ցավում այդ սիրուն հայկական հողի կորստի համար:
Ես հասկանում եմ, որ 20 թվի պատերազմում զոհ չունեցողների մեջ կան մարդիկ, որոնք ոչ մի ապրումակցում չունեն այն 5 հազար ընտանիքների հանդեպ, որոնք զավակ են կորցրել և կուզեին, որ փակվի, մոռացվի այդ թեման և իրենք հանգիստ ապրեն:
Ես հասկանում եմ, որ լիքը անհավատ մարդիկ կան մեր շուրջը, նաև մարդիկ, ում վատ հոգևորական է հանդիպել, կամ վատ կարծիք ունեն ամբողջ հոգևոր դասի մասին, ուստի միանգամայն անտարբեր են եկեղեցու դեմ ձեռնարկված այդ նողկալի արշավի նկատմամբ:
Ես հասկանում եմ, որ շատ մարդկանց բոլորովին չի հուզում այն, որ անմեղ մարդիկ, այդ թվում հայտնի գործարար, սրբազաններ, լրագրողներ, գիտնականներ են հանիրավի հետապնդվում, անմեղ մարդիկ կան բանտերում և մինչև կոնկրետ իրենց մերձավորին հերթը չհասնի նրանք չեն հասկանալու դա ինչ է:
Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, ում համար Հայոց ցեղասպանության թեման խորթ, անցած թեմա է, մտածում են` դե, 100 տարի անցել է, ի՞նչ իմաստ ունի հիշել ու պահանջել: Նաև կան մարդիկ, որոնք հայոց պատմություն առարկան համարում են անպետք մի բան, որը խանգարում է իրենց լինել «Իրական Հայաստանի» քաղաքացի:
Ես հասկանում եմ, որ շատ մարդկանց այլոց իրավունքների խախտումը չի հետաքրքրում, շատ խաղաղ են նայում, որ մի օր մի պատգամավորից է Փաշինյանը մանդատ խլում, մյուս օրը ԲԴԽ նախագահին է ՍՄՍ ուղարկում, թե` դիմումդ գրի գնա, երրորդ օրը թանգարանի տնօրենին է ազատում` պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար: Նրանք մտածում են, որ ստրկատերը կամ ֆեոդալն անսահմանափակ իրավունքներ ունի և նրա կամքն օրենք պետք է լինի բոլորի համար:
Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնց եթե առաջարկեին ընտրել` իրենց 500 հազար կամ 1 միլիոն դրամ աշխատավա՞րձը, թե՞ Սյունիքը, իրենք կընտրեն աշխատավարձը` առանց Սյունիք Հայաստանում: Եվ նրանց համար միևնույնն է` թշնամու զորքը քանի դիրք է գրավել, Ջերմուկում է, թե Սև լճում, կամ Շուռնուխում ապրողը քանի մետրից է Ադրբեջանի դրոշը տեսնում:
Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք անտարբեր են` ծառ կկտրեն, թե կտնկեն, ասֆալտ կանեն, թե ասֆալտի փողը կուտեն, պետական պարտքը կաճի, թե կնվազի, բարձրաստիճան պաշտոնյան կհայհոյի, թե խելացի խոսք կասի...
Ես միայն չեմ հասկանում, թե ինչպես կարող էին այս բոլոր որակի մարդիկ մեկտեղվել: Ինչպե՞ս կարող էին Արցախը չսիրողները նաև անտարբեր լինել քաղբանտարկյալների ու Բաքվի գերիների ճակատագրի հանդեպ: Իրենց մի դրամ շահը Հայաստանի շահից վեր դասողները նաև ծառերի սպանդին հանգիստ վերաբերվել, Հայ դատն անիմաստ համարողները` նաև հանրային միջոցները մսխելը հանդուրժել: Երևի Աստված երբ ուզում է մեկին պատժել` սկզբում խելքն է առնում...հետո` հայրենիքը






































