Գյումրու ավագանիի ՔՊ-ական անդամը մասնակցել է ռուս զբոսաշրջիկների կողոպուտին. ԶԼՄ
Ինչպես ոստիկանությունը հաղորդել էր, փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են զբոսաշրջիկներին, տարել գումար, հեռախոս, ՌԴ քաղաքացու անձնագրերը։ Վերջիններս ձերբակալվել են։
«Հայկական ժամանակ»-ի օրաթերթի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է, մյուսները՝ նրա շրջապատից: Աղասի Մաթևոսյանը, ըստ լուրերի, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականն է։
Հիշեցնենք, ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ փետրվարի 3-ին՝ ժամը 06:45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 03:00-ի սահմաններում ընկերուհու հետ գտնվել է Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, երբ իրենց է մոտեցել «Նիվա» մակնիշի մի մեքենա, ապա մեքենայից իջած անձինք, որոնք 3-ն են եղել, խուզարկել են իրենց:
Տղամարդու հայտնածով՝ իր մոտից վերցրել են դրամապանակը և հեռախոսը, իսկ ընկերուհու մոտից՝ նրա և իր ՌԴ քաղաքացու անձնագրերն ու հեռախոսը, վիճաբանել են իրենց հետ, ինչից հետո նրանցից մեկը, իր դրամապանակից վերցնելով 910 եվրո, հեռացել են: