Հայաստանի ու Խորվաթիայի միջև առևտրաշրջանառության ծավալները ներկայումս չեն արտացոլում մեր երկկողմ ներուժը. Արարատ Միրզոյան
Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև երկու երկրների տնտեսական կապերին.
«Իհարկե, ժամանակակից աշխարհում մեծ նշանակություն ունի տնտեսական դիվանագիտությունը, տնտեսական կապերը, երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը: Նշեմ, որ Հայաստանի ու Խորվաթիայի միջև առևտրաշրջանառության ծավալները ներկայումս չեն արտացոլում մեր երկկողմ ներուժը այս բնագավառում: Եվ գոհունակությամբ ուզում եմ արձանագրել, որ այս ոլորտում մենք ոչ մեծ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում: Հայ-խորվաթական տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար որպես հեռանկարային ոլորտներ կցանկանայի նշել, առաջին հերթին, տեղեկատվական տեխնոլոգիաները, նաև զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և մյուս ճյուղերը:
Այս համատեքստում ցանկանում եմ ողջունել այսօր Երևանում հայ-խորվաթական գործարար համաժողովի անցկացումը: Համոզված եմ, որ համաժողովը կնպաստի երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի աշխուժացմանը և ներդրումային հնարավորությունների բացահայտմանը»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը: