Մեսսիի եղբոր՝ «Բարսելոնայի» մասին խոսքերը կարևոր չեն․ Լապորտա
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է Լիոնել Մեսսիի եղբոր՝ Մաթիաս Մեսսիի խոսքերը՝ ակումբի հասցեին։
«Ակնհայտ է, որ Մեսսին «Բարսելոնայի» պատմության մի մասն է։ Շատ ենք հպարտանում, որ նա խաղացել է այստեղ։ Մի ստիպեք ինձ խոսել Մեսսիի մասին, որովհետև Լեոն ՊՍԺ-ին է պատկանում։ Նրա եղբոր խոսքերն այնքան էլ կարևոր չեն, որովհետև նա արդեն ներողություն է խնդրել։
Լեոն «Բարսայի» ժառանգությունն է, բայց նրա հանդեպ հարգանքից ելնելով՝ ես ոչինչ չեմ մեկնաբանի։ Նրա եղբայրը ներողություն է խնդրել, մենք ամեն ինչ հասկանում ենք։ Չէի ցանկանա դրան շատ ժամանակ տրամադրել։ Շատ ցավալի է, որ ամեն ինչ այդպես ավարտվեց, բայց այդ խոսքերին ես մեծ նշանակություն չեմ տվել։ Նա ներողություն է խնդրել և երախտապարտ է, տրամաբանական է»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։