Երևանի, Բաքվի և Թբիլիսիի միջև եռակողմ երկխոսությունը պետք է նպաստի «տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը», ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքու-Երևան-Թբիլիսի համագործակցության նոր ձևաչափ սկսելու հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը։

«Եթե Բաքվի, Երևանի և Թբիլիսիի միջև եռակողմ երկխոսությունը նպաստի Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա դա կարող ենք միայն ողջունել։

Եթե ​​այս նախաձեռնության հետևում ինչ-որ կերպ տեսանելի են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խաթարել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա սա այլ պատմություն է»,- ասել է նա։

Հունվարի 30-ին «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասի երկրների եռակողմ երկխոսության զարգացմամբ, թբիլիսյան հարթակը դիտարկում է եռակողմ քննարկումների դաշտում։

Նախկինում Վրաստանը բազմիցս հանդես է եկել որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Թբիլիսիի միջնորդությամբ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 ռազմագերի, իսկ Երևանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզներ։ Միջնորդության մեկ այլ օրինակ էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 16-ին Վրաստանի մայրաքաղաքում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն