Թուրքիան Կիպրոսի թուրքերի կողքին է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցից առաջ օդանավակայանում անդրադարձել է Կիպրոսի խնդրին՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է ermenihaber-ը:
Էրդողանը նշել է, որ Կիպրոսի թուրք ժողովուրդը կղզում հույների հետ հավասար ունի ինքնիշխան և միջազգային կարգավիճակի իրավունք:
Նա հիշեցնել է, որ 2021թ. Ժնևում Կիպրոսի խնդրի վերաբերյալ բոլոր կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած ժողովի ժամանակ կղզու թուրքական հատվածի ղեկավարն առաջարկել էր կիպրոսական խնդրի՝ «2 պետություն» բանաձևով լուծման տարբերակը։
«Սրանից հետո, եթե նոր բանակցային գործընթաց լինի, այն կարող է լինել միայն 2 հավասար և ինքնիշխան պետությունների միջև: Չպետք է մոռանալ, որ ՀԿԹՀ-ն, չնայած բոլոր դժվարություններին, սեփական ոտքերի վրա կանգնած պետություն է: Թուրքիան, ինչպես երեկ, այնպես էլ այսօր և վաղը շարունակելու է լինել Կիպրոսի թուրքերի կողքին»:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում, որ աշխարհի տարբեր երկրներ, հատկապես՝ Ադրբեջանը, ՀԿԹՀ-ի հետ բարձր մակարդակի շփումներ հաստատեն: