Իսրայելը պաղպաղակի ամերիկյան ընկերությանը մեղադրել է հակասեմականության մեջ
Իսրայելի իշխանությունները պատասխանել են Ben & Jerry's պաղպաղակի ամերիկյան ընկերության հայտարարությանը, որը հրաժարվել է իր արտադրանքը մատակարարել հրեական պետության տարածքում՝ մեղադրելով նրան հակասեմականության մեջ: Այդ մասին հայտնում է «BBC»-ն:
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն այդ քայլը համարել է «բարոյական և ֆինանսական սխալ», արտգործնախարար Յաիր Լապիդն էլ այն որակել է «խայտառակ կապիտուլյացիա» հակասեմականությանը:
Հուլիսի 19-ին Ben & Jerry's-ը հայտարարել էր, որ դադարեցնում է իր պաղպաղակի վաճառքը Իսրայելի կողմից գրավված Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում: Պաշտոնական հայտարարության մեջ ընկերությունը հայտնել է իր դիրքորոշումը՝ մատնանշելով, որ «պաղեստինյան գրավյալ տարածքում» պաղպաղակ վաճառելն անհամատեղելի է իր արժեքների հետ և նման որոշումն արտացոլում է «երկրպագուների և վստահելի գործընկերների» մտահոգությունները:
Արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը գտնվում են Իսրայելի վերահսկողության տակ 1967 թվականի Մերձավոր Արևելքի պատերազմից հետո: Պաղեստինը Արևելյան Երուսաղեմը համարում է գրավյալ տարածք, որն ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով, իսկ Իսրայելը Երուսաղեմը համարում է իր միակ և անբաժանելի մայրաքաղաքը: