Հայկական որոնողափրկարարական թիմն ավարտել է աշխատանքները Թուրքիայի Ադիյաման քաղաքում և Մարգարայի կամրջով վերադարձել Հայաստան։ Երկրաշարժը Թուրքիայում խառնել է այդ երկրի նախագահ Էրդողանի քաղաքական քարտերը, կարծում են փորձագետները։ Նրանք որոշակի փոփոխություններ են կանխատեսում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, սակայն Հայաստանի ու Հարավային Կովկասի նկատմամբ նկրտումներից հրաժարվելը անիրատեսական են համարում։

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշաժից հետո հետցնցումները շարունակվում են մինչ օրս, «ցնցելով» նաև այդ երկրի քաղաքական ու տնտեսական կյանքը։ 

Երկրաշարժը ջրի երես հանեց բազմաթիվ խնդիրներ ու ստվերեց Թուրքիայի թվացյալ  ուժի մասին պատկերացումները։ Բնական աղետը լուրջ հարված հասցրեց այդ երկրի իշխանությունների ու, մասնավորապես, Էրդողանի վարկանիշին, քանի որ փլվեցին հիմնականում այն շենքները, որոնք կառուցվել էին վերջին տարիներին։ Այդ մասին հմտորեն լռում են Թուրքիայի իշխանությունները և խոսում է ընդդիմությունը։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում երկրաշարժով պայմանավորված՝ Անկարայի վարած քաղաքականության հնարավոր փոփոխությունների մասին է կանխատեսում․

«Ավերիչ երկրաշարժը, տարբեր հաշվարկներով, 13-15 մլրդ դոլարի վնաս է հասցրել թուրքական տնտեսությանը։ Առանց այն էլ լավ վիճակում չէր Թուրքիայի տնտեսությունը, և այս ամենը զսպիչ գործոն կհանդիսանա Էրդողանի համար և մի փոքր կսթափեցնի նրան, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերում հայտարարություններ չանի և  այդ տեղերում իր ներկայությունը չապահովի»։

Ըստ միջազգայնագետի՝ բնական աղետն ավելի զուսպ կդաձնի հանդգնությամբ աչքի ընկնող Թուրքիային, որն անգամ ՆԱՏՕ-ին է փորձում թելադրել, թե, որ երկրներին կարող են ընդունել դաշինք և որ երկրներին պետք է մերժել։



«Հետաքրքիր հայտարարություն է արել Թուրքիայի ՆԳՆ, մեղադրելով ԱՄՆ-ին երկրաշարժը կազմակերպելու մեջ։ Նա ասել է՝ երկրաշարժից մեկ շաբաթ առաջ մենք մերժեցինք ՆԱՏՕ-ի ընդլանման հետ կապված խնդիրը, խոսքը Շվեդիայի ու Ֆինլանդիայի մասին է, և մեկ շաբաթ հետո Թուրքիան ստացավ երկրաշարժ։ Նա ասել է, որ գիտի, թե դա որտեղից է գալիս և սպառնացել է, որ ձեռքները հեռու պահեն Թուրքիայից։ Սա նշանակում է, որ ԱՄՆ ու Թուրքիայի միջև լուրջ հակասություններ կան»,-ասում է Բալասանյանը։

Որքան էլ բնական աղետը զուսպ դարձնի Թուրքիային իր ծավալապաշտական և զավթողական քաղաքականության մեջ, Անկարան, ըստ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի, երբեք չի հրաժարվի Հայաստանի նկատմամբ հավակնություններից։ Գուցե Լիբիայից, օրինակ՝ ուշադրությունը թեքի մի կողմ, սակայն Հայաստանից երբեք ձեռք չի քաշի, համոզված է նա։ Ավելին, ըստ նրա, Էրդողանը երկրաշարժից ու իր վարկանիշի կտրուկ անկումից հետո ավելի ագրեսիվ քաղաքականություն կվարի Հայաստանի նկատմամբ․

«Սա երկրաշարժ տեսած, ծանր կորուստներ կրած և միլիարդավոր դոլարներ կորցրած երկրի արտաքին քաղաքականություն չէ, այս ակտիվությունը աննորմալ ակտիվություն է։ Սա  նշանակում է, որ Թուրքիայի համար երկրորդական նշանակություն ունի սեփական քաղաքացիների ճակատագիրը, նա ավելի կենտրոնացած է իր աշխարհաքաղաքական նկրտումները սպասարկելու շուրջ։ Կարծում եմ՝ նա չի թուլացնի իր ակտիվությունը Հարավային Կովկասում։ Ավելին, շատ ավելի ակտիվ ու ագրեսիվ քաղաքականություն կսկսի Թուրքիան իրականացնել, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ»։

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը որոշակի պասիվություն նկատում է Թուրքիայում, սակայն վաղ թե ուշ դա էլ կանցնի ու, դժվար թե Անկարան մոռանա իր նկրտումների մասին։ Առջևում ընտրություններ են և, եթե դրանք տեղի ունենան, անկախ իշխանությունների նկատմամբ ունեցած առկա դժգոհություններից, Էրդողանն ամեն բան կանի հաղթելու համար, կարծում է Մելքոնյանը․

«Չեմ բացառում, որ այսօրվա իշխանությունը՝ Թուրքիայի ղեկավարությունը, ընտրությունների ժամանակ կանգ չառնի որևէ բանի առաջ։ Էրդողանը կդիմի անգամ կեղծարարության, միայն մնա իշխանության»։

Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացի հարցում Աշոտ Մելքոնյանը լավատես չէ։ Նա հիշեցնում է, որ երկրաշարժից հետո, Հայաստանից ուղարկված փրկարարների առկայության պայմաններում անգամ Էրդողանը  հիշեց ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին աջակցելու մասին, ինչը բարոյական առումով, շատ տգեղ էր։

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն էլ համոզված է՝ Էրդողանը ցույց է տալիս, որ հետաքրքրված չէ երկարաշարժով և սրընթաց առաջ է գնում՝ փորձելով վնասներից օգուտ քաղել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն