Հայաստանը կմասնակցի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին․ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են
2021թ. հոկտեմբերի 1-ից 2022թ․-ի մարտի 31-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում կանցկացվի «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով։ «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին իր առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը: Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Համաշխարհային այս էքսպոն համարվելու է աշխարհի ամենամեծ և ամենահին իրադարձությունը, որին մասնակցելու է 192 երկիր, ինչը մինչ այժմ կազմակերպված էսքպոների մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ․ 6 ամիս շարունակ աշխարհի բոլոր երկրները հյուրընկալվում են մեկ տանիքի տակ՝ ներկայացնելով որպես պետություն իրենց գրավչությունները։ Կազմակերպիչներն ակնկալում են տեղացի և արտասահմանյան հյուրերի շուրջ 25 մլն այցելություն։
ՀՀ վարչապետի որոշմամբ «Դուբայ ԷՔՍՊՈ - 2020»-ին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար է նշանակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Էմիրաթական կողմի հետ բանակցությունների արդյունքում ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից Հայաստանի մասնակցության համար տրամադրվել է աջակցության փաթեթ և հատուկ պայմաններ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ աջակցության փաթեթը կազմում է շուրջ 1,5 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք գույքի և ծառայությունների անվճար տրամադրում։
«ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարբեր երկրների և ժողովուրդների մշակութային, կրթական, գիտական, տնտեսական արժեքները և ժառանգությունը։ Յուրաքանչյուր պատվիրակություն ցուցահանդեսին ներկայացված է լինելու 11 տարբեր թեմաներով։
Ցուցահանդեսային տարածքը բաժանված է լինելու 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝ «Կայունություն», «Շարժունություն» և «Հնարավորություն»։ Հայաստանի տաղավարը տեղակայված է լինելու «Հնարավորություն» հատվածում։
Ցուցահանդեսային 11 թեմատիկ շաբաթների ընթացքում Հայաստանն առաջադեմ տեխնոլոգիական աշխարհին կներկայանա իր պոտենցիալով, ներդրումային հնարավորություններով, ինչը նոր գործարար կապեր ստեղծելու և մշակութային ժառանգությունը գովազդելու իրական հնարավորություններ կարող է ապահովել։
«ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020»-ի ընթացքում կազմակերպվելու է նաև «Made in Armenia» քառօրյա ցուցահանդեսը, որին կմասնակցեն հայկական ընկերությունները։ Այն հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնել հայկական ապրանքներն ու ծառայությունները համաշխարհային շուկայում, այլև ստեղծել բիզնես կապեր, գտնել օտարերկրյա գործընկերներ ու ներդրողներ։ Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է հայկական ապրանքների և հայկական խոհանոցի ցուցադրում, ինչպես նաև հատուկ նախատեսված վայրերում արտադրանքի վաճառք:
Հայաստանի մասնակցության կոնցեպտի հիմքում դրվել է «Էթնոթեք» գաղափարը․ Հայաստանն աշխարհին է ներկայանում էթնիկ առանձնահատկություններով և տեխնոլոգիական հավակնություններով։ Նույն սկզբունքով էլ մշակվել է տաղավարի կոնցեպտը։ Այցելուները տաղավարով շրջելիս համապատասխան տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներով, թվային ու ինտերակտիվ տարրերի միջոցով կծանոթանան հայկական ինքնության առանձնահատկություններին, հայկական ծագմամբ համաշխարհային գործիչներին ու գյուտերին։ Այդ ամենի առանցքում լինելու են գիտական միտքը, տեխնոլոգիական և արդյունաբերական պոտենցիալը:
«ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի տարբերանշանն առաջին հայացքից կհիշեցնի QR կոդ` որպես ինֆորմացիայի տարածման ժամանակակից միջոց: Լոգոտիպի առանցքը հնագույն գորգագործության մեջ ընդունված Կենաց ծառի խորհրդանշանի պիքսելային պատկերն է` ՀՀ պետական դրոշի գույներով:
Համաշխարհային ցուցահանդեսները համարվում են կարևորագույն իրադարձություն տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային արժեքների ներկայացման տեսանկյունից և հանդիսանում են հարթակ երկրի պատմությունը, մշակույթը և տնտեսությունը ներկայացնելու, նորարարական գաղափարներով և նվաճումներով փոխանակվելու, ինչպես նաև ապագայի գլոբալ խնդիրների կարգավորման ուղղությամբ երկրի մոտեցումները ներկայացնելու համար։