Քննարկվել են մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքների ժամկետները
Փետրվարի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ պատվիրակության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից:
Պատվիրակության կազմում էին ԵՆԲ ֆինանսական գործարքների կառավարման պատասխանատու Ալեսանդրո Կանուտոն, ԵՆԲ տրանսպորտի գծով ավագ տնտեսագետ Իշտվան Հեյնցինգերը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներ Անդրիյ Մակսիմովիչը, Կարինե Լալաֆարյանը և առցանց կապով՝ Ալյոնա Չետինը։
Բաբկեն Սեդրակյանը բարձր է գնահատել ԵՄ-ի, ԵՆԲ-ի և ՎԶԵԲ-ի հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել հետագա հարաբերությունների զարգացումը։
Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի փուլ 2-ի շրջանակներում կողմերը քննարկել են մետրոպոլիտենի դրենաժային թունելի երկարացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքների իրականացման ժամկետները։
Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է, որ դրենաժային թունելի երկարացումը թույլ է տալիս մետրոպոլիտենին գրեթե ամբողջովին չորացնել մետրոյի վազորդային թունելները, ազատվել ստորգետնյա ջրերի պատճառով բարձր աստիճանի խոնավությունից, զգալիորեն ավելացնել կարևոր ենթակառուցվածքների՝ ամրակապերի, մալուխների, այլ մետաղյա էլեմենտների, սարք ու սարքավորումների ծառայության և պիտանելիության ժամկետները՝ հետևաբար տարեկան կտրվածքով նաև խնայել զգալի գումարներ։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ծրագրի իրականացման ներկա կարգավիճակի և դրա հետ կապված վճարումների, 2022 թվականի երկրորդ կիսամյակի հաշվետվության, կապալառուի ընթացիկ ֆինանսական վիճակի ինչպես նաև ինժեների պայմանագրի ավարտի վերաբերյալ։