Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար․ Անտոնիո Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ի գիտություն է ընդունել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ որոշումը: Գլխավոր քարտուղարի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ որոշումները պարտադիր են կատարման համար։
Խոսքը վերաբերում է անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով ապահովելու միջոցառումներին։
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Պաշտոնյան կառուցողական երկխոսության կոչ է արել։
Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ: