Վարչապետը կոչ է արել գերմանացի օրենսդիրներին՝ չկիրառել «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը
Հայաստանի վարչապետին Գերմանիայի Բունդեսթագի շենքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն է դիմավորում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կարծում եմ՝ շատ հարցեր կան, որ կցանկանայինք քննարկել:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ ԼՂ-ԻՑ ՀԱՅԵՐԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՆ Է. ՓԱՇԻՆՅԱՆ
Առաջին թեման, որին ելույթում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Եվրամիության առաքելության տեղակայումն է:
Նիկոլ Փաշինյան - Այդ որոշումը եղել է Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքում, երբ կարճաժամկետ առաքելությունը ժամանեց: Դրանից հետո մենք դիմեցինք երկարաժամկետ առաքելության համար և շնորհակալ ենք Եվրամիությանը այդ որոշման համար:
Հայաստանի ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով, ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է լարված մնալ, և չնայած Արդարադատության Միջազգային Դատարանի որոշմանը՝ Ադրբեջանը դեռ չի բացել Լաչինի միջանցքը։
Նիկոլ Փաշինյան - Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն իրավաբանորեն պարտադիր ուժ ունի։ Կարծում եմ` սա մի իրավիճակ է, որը պետք է միջազգային մակարդակում քննարկվի, որովհետև անընդունելի է անարձագանք թողնել Դատարանի որոշումը։
Վարչապետը նկատում է, որ իր այս այցի ընթացքում կարծիքներ է լսել, որ աջակցում են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային մշտադիտարկող կամ փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարին՝ դիտարկելու հումանիտար իրավիճակը և տեսնելու՝ ինչ է կատարվում այնտեղ, քանի որ դա մի ճգնաժամ է, որը կարող է անշրջելի հետևանքների հանգեցնել և հումանիտար աղետի վերածվել։ Վարչապետն առաջարկում է միասին աշխատել՝ թույլ չտալու, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա։
Նիկոլ Փաշինյան - Վստահ ենք, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելն է, և հայերին Լեռնային Ղարաբաղից հեռացնելը։ Կարծում եմ` Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունն ապացուցում է դա, որովհետև Ալիևն ասաց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք Ղարաբաղը լքելու ցանկություն ունեն, ինչը, կարծում եմ, ավտոմատ կերպով նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում և ուզում են ապրել այնտեղ։
Վարչապետը շեշտում է` Պրահայում համաձայնության էին հասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացը հիմնված լինի Ալմա Աթայի համաձայնության վրա, սակայն դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ դելիմիտացիան պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։ Վարչապետը հիշեցնում է վերջերս Ադրբեջանի նախագահի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» կոչվող նախաձեռնության մասին, որի ամբողջ միտքն այն է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը պատկանում է Ադրբեջանին, և Հայաստանի մայրաքաղաքն անգամ ադրբեջանական քաղաք է։
Նիկոլ Փաշինյան - Մեր գնահատականն այն է, որ այս ամենը՝ Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է։
Փաշինյանը նշում է, որ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում որոշ գործընկերներ օգտագործում էին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բառը: Վարչապետը խնդրել է ուշադիր լինել, որովհետև տարբեր տարածաշրջաններում և տարբեր քաղաքական ու աշխարհաքաղաքական հանգամանքներում երբեմն նույն բառը կարող է տարբեր իմաստներ ունենալ։ «Սովորաբար Եվրոպայում «միջանցք» ասելով մարդիկ հասկանում են երթուղիներ, որոնք ավելի լավ որակով տրանսպորտային ծառայություններ են տրամադրում։ Բայց մեր դեպքում միջանցքի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ իրավաբանորեն համաձայնեցված կետ կա։
Նիկոլ Փաշինյան - Հայտարարությունում մենք ունենք միայն մեկ կետ միջանցքի մասով, և դա Լաչինի միջանցքն է:
Փաշինյանն այս կապակցությամբ հիշեցնում է Իլհամ Ալիևի փաստացի խոստովանությունը, որ եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ մի կետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, և հենց Ադրբեջանի նախագահն է, որ այդպիսի հասկացություն է ներմուծել տարածաշրջանային կապերի համատեքստ։
Նիկոլ Փաշինյան - Խնդիրն այն է, թե ինչպես կարելի է միակողմանիորեն որևէ բան ներմուծել եռակողմ հայտարարության մեջ։ Սա բացարձակ աբսուրդ է։ Ես կցանկանայի, որ այդ բառակապակցությունը չկիրառվի, քանի որ դա կնշանակի աջակցություն Ադրբեջանի տարածքային նկրտումներին Հայաստանի դեմ։ Բայց, մյուս կողմից, վերահաստատում եմ՝ մենք պատրաստ ենք բացել։ Ավելին՝ արդեն ավելի քան վեց ամիս է, որ Կառավարության որոշման նախագիծ ունենք Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա երեք անցակետ բացելու մասին, բայց ամեն անգամ, երբ փորձում ենք ընդունել այդ որոշումը, ադրբեջանական կողմը մեծ աղմուկ է բարձրացնում՝ ասելով, թե ինչու են նրանք ուզում անցակետ բացել մեր սահմանների մոտ առանց մեզ հետ համաձայնեցնելու։
Ներկայացնելով ընդհանուր իրավիճակը՝ վարչապետն առաջարկել է ամեն դեպքում կենտրոնանալ խաղաղության օրակարգի վրա, վստահություն հայտնել՝ ժողովրդավարությունն ու խաղաղությունը միասին են, և քանի որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է, Երևանը հետաքրքրված է խաղաղությամբ, որ հնարավոր լինի երկրում ապահովել ժողովրդավարության, տնտեսության և ազատության շարունակական զարգացումը։