Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագրի վերիֆիկացիայի գործառույթները, եթե այն ձեռք բերվի, տեղեկացնում է Yonhap-ը։

Ըստ Գրոսսիի, ցանկացած ապագա համաձայնագրի առանցքային տարրը լինելու է դրա պայմանների կատարման վերահսկումն ու ստուգումը։

«Գործակալության աշխատանքի ամենակարևոր մասը վերիֆիկացիան է։ Եվ այն փաստը, որ մենք լինելու ենք համաձայնագրի իրականացման մաս, շատ կարևոր ձևականություն է, որը պետք է նախատեսված լինի»,- հայտարարել է նա։

Գրոսսին նշել է, որ պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում գործակալությանը գործընթացի մոնիթորինգին մասնակցելու համար անհրաժեշտ կլինի ղեկավար մարմինների պաշտոնական թույլտվությունը։

Նա նաև ընդգծել է, որ հնարավոր ցանկացած համաձայնագիր, հավանաբար, կունենա համալիր բնույթ և կպահանջի լայնածավալ դիտարկման մեխանիզմ։

«Համաձայնագիրը, եթե այն ձեռք բերվի, կլինի համապարփակ, և մենք ստիպված կլինենք դիտարկել այն ամենը, ինչ ներառված է դրա մեջ»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։

Պատասխանելով գլոբալ անկայունության պայմաններում միջազգային ինստիտուտների դերի մասին լրագրողների հարցերին՝ Գրոսսին նշել է, որ գործակալության խնդիրներն ընդլայնվում են հակամարտությունների և աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պայմաններում։

Նա նաև ընդգծել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) նշանակությունը՝ հայտարարելով, որ դրա արժեքը միշտ չէ, որ որոշվում է կոնսենսուսային եզրափակիչ փաստաթղթերի առկայությամբ։

«NPT-ն հեռու է իդեալական լինելուց, բայց դա համեմատաբար հաջող պայմանագիր է։ Հսկայական անորոշության ժամանակահատվածներում սա միջազգային իրավունքի ամուր մաս է, որը պետք է պաշտպանել»,- նշել է նա։

Գրոսսին հավելել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ միջուկային էներգետիկայի զարգացումը դիտարկում են որպես կայուն և ցածր ածխածնային էներգիայի աղբյուր, ինչը ուժեղացնում է ՄԱԳԱՏԷ-ի դերը՝ որպես տեխնիկական և վերահսկիչ մարմնի։

Առանձնահատուկ անդրադառնալով՝ նա հրաժարվել է մեկնաբանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հնարավոր առաջադրման հարցը՝ միայն նշելով բազմակողմ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

«Մենք բազմակողմության կարիքն ունենք առավել, քան երբևէ։ Տարբերությունն ընդամենը այն է, որ այսօր արդյունավետ գործող բազմակողմությունը հազվադեպ է հանդիպում»,- ասել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ