Շրջափակված Արցախում ապրելու նոր կանոններ են գործում։ Մշակութային կյանքը, թեկուզ դժվարությամբ, բայց կարողանում են պահել։ Դժվարությունները շատ են՝ հոգեբանականից մինչև տեխնիկական։ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը, եթե կարողանա նոր ներկայացման անհրաժեշտ դեկորները ձեռք բերել, մարտի 27-ին հանդիսատեսին կներկայանա առաջնախաղով, իսկ ապրիլի 7-ին Արցախում կնշեն Մայրության օրը։

Մարտի 27-ին Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը պատրաստվում է  առաջնախաղի։ «Բակում կատաղի շուն կա» ներկայացման բեմադրիչը Ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանն է։ Արդեն 92 օր շրջափակված Արցախում ապրելու նոր կանոններ են գործում։ Թատրոնի տնօրեն Արմեն Հարությանն ասում է՝ թատրոնը գործել է անգամ 90–ականներին,երբ մարդիկ պարզապես նկուղներում էին ապրում․

«Մեր թատրոնի անձնակազմը ծրագիր էր պատրաստել,  ու այցելում էին նկուղներ։ Ներկայացումները հարմարեցրել էին նկուղներին։ Հիմա էլ՝ նույնը։ Պատերազմը ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ մենք ամբողջ կազմով հավաքվել ենք ամսի 20-ին ու սկսել ենք բեմադրություն անել։ Այսօր իրավիճակը լարված է, հանգիստ չէ, բայց մենք, այս վիճակում անգամ, փորձեր ենք անում։ Մարդիկ օրվա սննունդի համար հերթեր են կանգնում, բայց  ազատ ժամանակ փորձում ենք գործը այնպես դասավորել,  որ թատրոնը չտուժի»։

Դեռ շրջափակումից առաջ թատրոնը հյուրախաղերով մեկնել էր Մոսկվա։ Վերադարձից հետո պատրաստվում էին նոր հյուրախաղերի, բայց ճանապարհն արդեն փակ էր։ Արմեն Հարությանյանն ասում  է, որ շրջափակումը իրենց չի կանգնեցրել։ Ներկայացումներ են  խաղացել Ճարտարում, Մարտակերտում, իսկ հիմա  էլ արդեն՝  նոր ներկայացման առաջնախաղին են պատրաստվում․

«Մտավախություն ունեմ, որ հնարավոր է չհասցնենք, քանի որ խնդիրներ կան։ Ներկայացման դեկորները, նկարչական շատ նյութեր պատվիրում էինք Հայաստանից, հիմա չգիտենք՝ ինչ կարող է լինել։ Բացի դա էլ՝ պետական որևէ աջակցություն չկա  ու մենք մեր հաշվին ենք ամեն ինչ անում» ։

Ստեփանակերտի մշակույթի և երիտասրադության պալատի գեղարվեստական ղեկավար Նարինե Քոչարյանը  թերթում է այն մշակութային միջոցառումների  աշխատանքային պլանը, որոնք նախատեսում էին անցկացնել  այս ժամանկահատվածում։ Սակայն շրջափակումը ամեն ինչ գլխի վայր շուռ է տվել․

«Անիրատեսական կլիներ, որ ասենիք,  թե շրջափակումը չի ազդել  մշակույթի ոլորտի վրա։ Գուցե գործնականում չի ազդել, բայց երբ մարդու ներաշխարհը այն վիճակում չի, չի կարող միջոցառումների կազմակերպման մասին մտածի»։

Նարինե Քոչարյանն ասում է, որ շրջափակման առաջին տասնօրյակում բոլոր միջոցառումները հետաձգվեցին այն հույսով, որ ճանապարհը շուտ կբացվի ու  միջոցառումները կկարողանան  իրականացնել։ Հիմա գարնան գալու հետ  որոշել են՝   թեկուզ դժվարությամբ, որքան հնարավոր սկսեն  իրականացնել միջոցառումները։ Իսկ դժվարությունները միայն հոգեբանական չեն․

«Գազի, լույսի հետ կապված խնդիրներ կան, դահլիճի  ջեռուցման հետ կապված խնդիրներ կան։ Բայց հույսով եմ , որ գարնան զարթոնքի հետ մշակույթն էլ կարթնանա։ Չեմ ասի՝ կոտրված ենք, բայց այն իրավիճակում էլ չենք հոգեբանորեն, ոնց որ կայինք՝ թեկուզ պատերազմից հետո։

Նարինեն ասում է, որ անորոշությունը հոգեբանորեն ավելի վատ է անդրառանում մարդկանց տրամադրության վրա։ Մեջբերում է արցախյան մի ասացվածք․

 «Ինչպես  ղարաբաղցին է ասում՝ կամ էս կողմ թող կտրեն, կամ էն կողմ»։

Բայց, անկախ ստեղծված իրավիճակից, Ստեփանակերտում պատրաստվում են նշել ապրիլի 7-ն ու մեծարել հայ կնոջը։ Սակայն միջոցառումների միջոցառումը Նարինե Քոչարյանի ու հազարավոր այլ արցախցիների  համար շարունակում է մնալ նույնը՝ մայիսյան Եռատոնը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն