Աբդոլլահիանն ու Բորելը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ։
Ըստ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը, Ուկրաինայում տիրող իրավիճակին, Իրանի ու Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության համագործակցությանն առնչվող հարցեր։
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի և ԱԷՄԳ-ի հարաբերությունները ճիշտ ուղղությամբ են շարժվում։
Անդրադառնալով Ուկրաինայում իրանական անօդաչու սարքերի կիրառման մասին շրջանառվող լուրերին՝ Աբդոլլահիանն ընդգծել է․ «Իրանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն՝ Արևմուտքը պետք է Ուկրաինայից հստակ ապացույցներ պահանջի այդ կապակցությամբ։ Իրանը միշտ խաղաղության կողմնակից է, ոչ թե պատերազմի»։
Ժոզեպ Բորելն էլ նշել է, որ չնայած Ուկրաինայի պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի առկայության մասին լուրերին՝ նա բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Իրանի ջանքերը։