ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կիպրոսի Հանրապետություն կատարած եռօրյա այցի ընթացքում գործընկերներիս հետ հանդիպեցինք հանրապետության նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի և ԱԳ նախարար Կոնստանդինոս Կոմբոսի հետ:



Զրույցի ընթացքում խոսեցինք Հայաստան-Կիպրոս համագործակցության, ՀՀ քաղաքացիների համար Կիպրոսի Հանրապետություն ՝ առանց մուտքի արտոնագրի առկայության այցելության հնարավորության, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի նախագահի՝ Հայաստանի Հանրապետություն սպասվող պաշտոնական այցի մասին:



Կիպրոսում ընթացող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության նիստին հայ ժողովրդի և մեր պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեցինք կազմակերպության նախագահին՝ Հայաստանի վրա Ադրբեջանի ագրեսիան և Լաչինի՝ կենսական նշանակության ճանապարհը փակելու հարցում կոշտ և հասցեական դիրքորոշում արտահայտելու համար, ինչպես նաև նշեցինք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին:



ՈՒՄՎ նախագահ, հույն պատգամավոր Խարակոպուլոսը տեղեկացրեց, որ իր կոշտ և քննադատական հայտարարությունների համար պարբերաբար զանգեր և նամակներ է ստանում Հունաստանում Ադրբեջանի դեսպանատնից, նշեց, որ հավատարիմ է մնալու իր ՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրած արժեքներին:



Ի նշան բողոքի՝ պարոն Խարակոպուլոսը դուրս է եկել Հունաստան-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խմբից: Նիստի ընթացքում քննարկվեցին նաև առաջիկայում կայանալիք վեհաժողովին առնչվող հարցերն ու առաջարկությունները»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն