Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ. Անդրանիկ Թևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ
«2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին»,– հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ։ Վերջինս լռությամբ համաձայնեց իր կոլեգայի ասածների հետ։
Լավրովը ևս մեկ անգամ հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը գերադասել է իր «Հաղթելու ենք»–ի բլեֆն ու սեփական իմիջային խնդիրները մարդկանց կյանքերից ու տարածքային կորուստներից։ Այդ հետո էր, երբ Նիկոլը հայտարարեց, թե, իբր, նոյեմբերի 9–ին 25.000 կյանք է փրկել։ Իրականում նա հազարավորների գլուխը կերավ՝ «Որ հետո ինձ չասեն «Նիկոլ Դավաճան»» ծրագրի շրջանակներում։
Լավրովն ասում է, որ դա արդեն պատմություն է, բայց դժվար է նրա հետ համաձայնելը։ Քանզի Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը ոչ թե պատմություն են, այլ Հայաստանի ներկան ու բերվելիք սարսափելի ապագան։
Ու որպեսզի Հայաստանն ու Արցախը պատմություն չդառնան, պետք է պատմության աղբանոց նետել մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերածներին»։