Գերմանիայի արտգործնախարարը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հաղթահարել հասարակության բևեռացումը
Պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը: Վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլու հետ համատեղ ճեպազրույցում նա Վրաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել սկսել անհրաժեշտ բարեփոխումները Եվրամիությանն ինտեգրվելու և ներքաղաքական բևեռացումը հաղթահարելու ճանապարհին։
«Օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի հետկանչումից հետո քաղաքականության խնդիրն այժմ բևեռացումը հաղթահարելն է, վստահության վերականգնումը և լիարժեք վստահությամբ բարեփոխումներ իրականացնելը»,- ասել է Բերբոքը:
Նա ընդգծել է, որ Վրաստանին անհրաժեշտ են բարեփոխումներ, որպեսզի երկիրն անդամակցի ԵՄ-ին։ «Վրաստանը չի կարող դառնալ Եվրամիության անդամ առանց քաղաքացիական հասարակության»,- նշել է նախարարը և հավելել, որ Գերմանիան ցանկանում է նպաստել հարցի լուծմանը։
Նրա խոսքով՝ Գերմանիան ցանկանում է Վրաստանը տեսնել ԵՄ-ի կազմում։ «Ես Վրաստան եմ եկել որոշակի ուղերձով»,- ասել է նախարարը։
Ուրբաթ Բերբոքն իր առաջին հանդիպումն անցկացրել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք հանդիպումից հետո լրագրողներին ասել են, որ անդրադարձել են Թբիլիսիի վերջին իրադարձություններին՝ մարտի 7-9-ի բողոքի ցույցերին և օտարերկրյա գործակալների մասին օրինագծերին, որոնք խորհրդարանը, ի վերջո, հետ է կանչել:
Բերբոքը նախատեսում է Թբիլիսիում հանդիպել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ։