Հերթական ծեծկռտուքը՝ Վրաստանի խորհրդարանում
Կրկին ֆիզիկական և բանավոր առճակատում է տեղի ունեցել վրացի պատգամավորների միջև: Այս անգամ բախումը եղել է խորհրդարանի շենքի նախասրահում, կադրերը հեռարձակել են տեղական հեռուստաընկերությունները:
Իրավիճակը թեժացել է խորհրդարանում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու ելույթից հետո: Վարչապետն ընդդիմությանը մեղադրել է եվրաինտեգրման գործընթացում անգործության համար։
«Ընդդիմության կողմից մենք տեսել ենք բոյկոտ, դիվերսիա, ուղղակի խոչընդոտներ, որպեսզի երկիրը չստանա թեկնածուի կարգավիճակ, և երկրի ապակայունացում, որն ուղղակիորեն հակասում է մեր ժողովրդի շահերին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին և ընդդիմադիր Գուբազ Սանիկիձեին անվանել դավաճան։ Պատգամավորը պատասխանել է հայհոյանքով:
Ղարիբաշվիլու ելույթից հետո խորհրդարանի նախասրահում մեծամասնության պատգամավորները քաշքշել են Սանիկիձեին, նրանցից մեկը ոտքով հարված է ընդդիմադիր պատգամավորին:
Մի քանի օր առաջ վրացի պատգամավորները լիագումար նիստի ժամանակ վիրավորել են միմյանց և խոսափողներ նետել իրար ուղղությամբ: Միջադեպը սկսվել է Պաշտպանության մասին օրենսգրքի քննարկման ժամանակ, որը պարտադիր զինվորական զորակոչ է նախատեսում ուսանողների համար: Ավելի վաղ էլ պատգամավորները ծեծկռտուք էին սարքել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկման ժամանակ։