Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեզ և Հունաստանի եղբայրական ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով բարօրություն, առաջընթաց և խաղաղություն:

Ամուր ավանդական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված հայ-հունական միջպետական հարաբերություններն աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ, ինչի համար ընդունեք խնդրեմ անկեղծ երախտագիտությունս։

Վստահ եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ և շարունակաբար զարգացող փոխգործակցությունն ապագայում ևս կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, ներառյալ Հայաստան-Եվրամիություն համագործակցության համատեքստը, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շրջանակը:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ մեր պատրաստականությունը զարգացնելու մեր երկրների միջև առկա բազմաշերտ համագործակցությունը՝ ի նպաստ հայ և հույն բարեկամ ժողովուրդների»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն