ՀԱԷԿ-ը կաշխատի ևս 10 տարի․ մինչև տարեվերջ պարզ կլինի՝ ինչ ատոմակայան կունենա Հայաստանը
Գործադրի վերջին նիստում որոշվել է 10 տարով երկարաձգել Հայաստանի ատոմակայանի գործունեության ժամկետը։ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թվականին։
Մեկ անգամ դրա գործունեության ժամկետն արդեն երկարաձգվել էր մինչև 2026 թվականը, այժմ երկարաձգվում է մինչև 2036-ը։ Կառավարությունը խոստանում է մինչև տարեվերջ որոժակիացնել այն հարցի պատասխանը, թե ինչ ատոմակայան է ունենալու Հայաստանը 2036-ից հետո։
Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը կաշխատի մինչև 2036 թվականը։ Սա արդեն պաշտոնապես ամրագրված է կառավարութան որոշմամբ։ Ատոմակայանի շահագործման ժամկետը 2012-ին երկարաձգվել էր մինչև 2026 թվականը։ Այդ ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև վարկային համաձայնագիր էր կնքվել, որով 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ էր հատկացվել կայանի արդիականացման և վերազինման համար։ Ըստ կառավարության՝ այս ընթացքում այդ աշխատանքներին ուղղվել է շուրջ 189 մլն դոլար ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներից, շուրջ 63.2 մլրդ դրամ էլ՝ պետական բյուջեից։
Մեծամորի ատոմակայանը վերահսկվում է էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏէ-ի կողմից։ Կառույցի մասնագետները պարբերաբար այցելում են Հայաստան, ստուգում, թե ինչ վիճակում է ատոմակայանը։
Մեծամորի ամենամեծ դադարը 2021 թվականին էր՝ մայիսի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը։ Այդ ընթացքում արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյան.
«Կառուցվել է նոր սերնդի՝ Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշերով աշխատող անվտանգության համակարգ։ Վթարային համակարգը գործում է վթարը լոկալիզացնելու, արագ սառեցնելու և համապատասխան քանակությամբ ջուր մղելու միջոցով, ինչը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին»։
Իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում՝ 1995թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։1990-ականներից, երբ փակվեց երկաթուղին, օգտագործված վառելիքի արտահանում չի կատարվել։ Մինչ այդ այն ՌԴ էր արտահանվում։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյան.
«3 շինություն արդեն կառուցված է, չորրորդի համար ունենք բոլոր պահեստամասերը։ Կկառուցենք։ Մենք մինչև 2034-2036թթ․ միջուկային վառելիքի պահպանման խնդիր չունենք»։
Գիտությունն արագ է զարգանում, և գուցե ոչ հեռավոր ապագայում հնարավոր լինի օգտագործված վառելիքը դարձյալ օգտագործել։ ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության հեռանկարներում նախանշված է նաև մինչև 2040թ. ցածր ածխածնային արտանետումներով էներգիայի արտադրության զարգացումը՝ վերականգնվող և միջուկային էներգիայի արտադրությամբ։
Կառավարությունը քննարկում է նաև նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Նախնական վայրն ընտրված է՝ երկրորդ էներգաբլոկի հարևանությամբ։ Քնարկվում է, թե ինչ հզորությամբ ու ինչպիսի էներգաբլոկ կաշխատի։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է
«Նոր ատոմակայանի հետ կապված այժմ նախնական տեխնիկական հիմնավորումների շուրջ ենք աշխատում։ Ավելի կոնկրետ այժմ հզորությունների բաշխման սխեման ենք մշակում, որպեսզի հասկանանք, թե առաջարկվող ատոմային բլոկները այդ հզորությամբ ինչպես են սինխրոնացվելու մեր համակարգի հետ, ինչպես է բաշխվելու էլեկտրաէներգիան։ Դա բավականին բարդ աշխատանք է, որն այս պահին կատարվում է»։
Մինչև տարեվերջ հստակ որոշում կլինի, թե Հայաստանին ինչ դիզայնի ու հզորության էներգաբլոկ է անհրաժեշտ լինելու։ Արժեքը պարզ կլինի որոշումից հետո։