Շրջափակման հետևանքով Արցախի ընդհանուր ֆինանսա-տնտեսական կորուստները կազմում են օրական նվազագույնը 651 մլն դրամ կամ 1.6 մլն դոլար: Տնտեսական այդ հաշվարկները ներկայացվել են Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույցում։ Այն պատրաստել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը։ Զեկույցը պատվիրել էր Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

100 օրից ավելի է, ինչ թշնամին տոտալ շրջափակման մեջ է պահում Արցախը։ Հանրապետության տնտեսությունը գրեթե ամբողջությամբ պարալիզացված է։ Մասնագետները վերլուծել ու պարզել են՝ Արցախին 80 օրում արդեն իսկ պատճառվել է շուրջ 52 մլրդ դրամի կամ 132 մլն դոլարի տնտեսական վնաս։

Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյան․

«1․6 մլն–ը առանց սոցիալական տնտեսական կորուստների գնահատականն է մեկ օրվա համար, որի մեջ մտնում է հարկերի կորուստը՝ շուրջ 81 մլն դրամի չափով, առաջնային սոցիալական ծախսերը՝ 36․3 մլն դրամով։ Տնտեսությունը կանգնում է, մարդիկ գործազուրկ են դառնում։ Բնականաբար, նրանք պետք է ապրեն, նրանց պետք է նվազագույն կենսաապահովհման գումար տրվի։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանի ժամանակ որոշվեց տրամադրել 68 հազարական դրամ»

2020 թ պատերազմից հետո Արցախի տնտեսությունը սկսեց վերականգնվել 2022 թվականին, երբ հունվար– սեպտեմբերին այստեղ գրանցվեց մոտ 18 տոկոս տնտեսական աճ։ Իսկ ՀՆԱ–ն կազմել էր 199․6 մլրդ դրամ։ Դեկտեմբերի 12–ից, այսինքն՝ շրջափակումից հետո սկսվեց տնտեսական անկումը։ Դեկտեմբերին արդեն ՏԱՑ–ը նվազել էր 20․7 տոկոսով, այն դեպքում, որ հոկետեմբերին այն աճել էր 17․5 տոկոսով։ Մինչ շրջափակումը արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալներն աճել էին մոտ 46 տոկոսով։ Եթե հոկտեմբերին ընտրված ձեռնարկությունների շրջանառությունը 2021–ի նույն ամսվա համեմատ աճել էր շուրջ 23 տոկոսով, իսկ նոյեմբերին հասել էր 62 տոկոսի, ապա դեկտեմբերին այն կտրուկ նվազել է՝ 18․4 տոկոս։ Եթե չլիներ շրջափակումը, Արցախի արտահանումը կկազմեր շուրջ 176 մլրդ դրամ, իսկ ներմուծումը՝ 207 մլրդ դրամ։ Մինչդեռ շրջափակման պայմաններում հնարավոր չէ ոչ արտահանում, ոչ ներմուծում։ 2023–ի համար ՀՆԱ–ի կորուստը կկազմի միջինը օրական 561 մլն դրամ։ Այստեղ Վարդան Արամյանը Արցախի տնտեսության համար լուրջ ռիսկեր է տեսնում․

Արցախի ֆինանսատնտեսական կորուստները



«Մի բան, որ տնտեսագիտորեն անվիճելի է, որքան շրջափակումը շարունակվում է, այնքան Արցախի տնտեսական պոտենցիալն ավելի է փչանում։ Վաղը կարող ենք կանգնել մի իրավիճակի առջև, որ Արցախը ընդհանրապես տնտեսական կյանք չի ունենա։ Գումարը դրսից գա, արցախցիները գումարը միայն սպառեն։ Իսկ սպառման համար ապրանքներն էլ ներմուծվեն դրսից»։

Արցախում օրական կտրվածքով միայն նվազագույն սոցիալական ծախսերի ֆինանսական բեռը գնահատվում է շուրջ 36 մլն դրամ, իսկ շրջափակման ողջ ընթացքում, 80 օրվա հաշվարկով, մոտ 2․9 մլրդ դրամ։ Արցախում սննդի, գազի, էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները ներկայացվում են, բայց տնտեսական կորուստների ճիշտ գնահատականը կարևոր է հատկապես միջազգային հանրությանը ներկայացնելու  համար։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան․ 

«Մենք ունեցանք բյուջետային դեֆիցիտ։ Հարկերի անկում ունենք։ Ընդհանուր սուր ֆինանսական ճգնաժամ է։ Ամենօրյա ծախսերը փակելով, հարցը չի լուծվելու։ Ընդհանրապես, ավելի խորքային հարց էլ ունենք՝ ո՞ր տնտեսությունը կարող է շրջափակման մեջ աշխատել արդյունավետ, եթե արտադրանքդ չես կարող տանել ՀՀ և հումք բերել ՀՀ-ից։ Ծախսերը ավելացել են՝ ճանապարհի հետ կապված։ Տասը հազարից ավելի մարդիկ գործազուրկ են»։

Արցախի պետական բյուջեի ծախսերի կեսից ավելին սոցիալական ուղղվածություն ունի, ասում է Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը։ Նա նշում է՝ Հայաստանից տրվող գումարները հենց այդ ծախսերի վճարմանն են ուղղվում։ Մարտիրոսյանը հիշեցնում է՝ Արցախի պետական բյուջեն ֆինանսավորման երեք ուղղություն ունի՝ Հայաստանից տրամադրվող բյուջետային վարկ, սեփական եկամուտներն ու հարկերը, նաև՝ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները․

«Բնականաբար, երկրորդ ու երրորդ աղբյուրներն այս իրավիճակում գրեթե զրոյանում են։ Հիմնական աղբյուրը Հայաստանից տրվող վարկն է, որը պետք է ապագայում պարտադիր վերանայվի։ Այս պահին այն հրդեհի մարման գործընթաց է կատարում»։

Արցախում նաև տնտեսության մոդելի փոփոխության անհրաժեշտություն է նկատվում։ Մոտավոր հաշվարկներ, թե դեպի որ ոլորտներն է անհրաժեշտ ներդրումներն ուղղել, կան։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ընդգծում է․

«Մեր հաշվարկներով 100 մլրդ դրամ կամ 250 մլն դոլար գումար է անհրաժեշտ ենթակառուցվածքներում, գյուղատնտեսության, պարենային անվտանգության խնդիրները լուծելու համար։ Պետք է շատ արագ գումարները գտնել, ու որքան հնարավոր է, արդյունավետ ներդրումներ կատարել»։

Ապագայում նմանատիպ ցնցումներից խուսափելու համար զեկույցում կարևորվում է բուֆերների ստեղծումը, որոնք հնարավորություն կտան նվազագույնի հասցնել Արցախի հասարակության սոցիալական և տնտեսական ծախսերը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն