Մենք միգրանտներին չենք կերակրի. Էրդողան
ՄԵՆՔ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ ՉԵՆՔ ԿԵՐԱԿՐԻ. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիան մտադիր չէ դառնալ որևէ հակամարտության կողմ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:
«Նախ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեր երկիրը դեպի պատերազմ չի տանի: Եթե մենք չլինեինք, արևմտյան թևը Թուրքիային կներքաշեր պատերազմի մեջ։ Մենք նաև ավելի բծախնդիր կլինենք նաև Սիրիայից ներգաղթի հարցում։ Մենք միգրանտներին չենք կերակրի»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ պատասխանելով հարցին՝ ինչ քաղաքականություն է պատրաստվում վարել Էրդողանի բլոկը առաջիկա ընտրություններում հաղթանակի դեպքում։
Էրդողանը նաև ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մասնակցել ապրիլի 27-ին Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի լիցքավորման արարողությանը։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ նա շեշտել է՝ Անկարան ցանկանում է հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ բանակցությունների սեղանի շուրջ՝՝ Ստամբոլում։
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՎԱՎԵՐԱՑՆԻ ՆԱՏՕ-ԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ
Թուրքիան այս շաբաթ կվավերացնի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը՝ հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։ Նշվում է, որ Թուրքիայի խորհրդարանը Հյուսիսատլանտյան դաշինքին Հելսինկիի միանալու Արձանագրությունը հաստատելու մասին օրինագիծը կքննարկի այսօր։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի հնարավոր անդամակցության հարցում անորոշություն կա: Անկարան և Բուդապեշտը դեռ դեմ են այդ երկրի եվրատլանտյան ինտեգրմանը: Թուրքական կողմի պնդմամբ՝ Ստոկհոլմը չի կատարում ահաբեկչության դեմ պայքարում Անկարայի պահանջները:
Հունգարիան ևս մտահոգություններ ունի: Երկրի վարչապետի գրասենյակի միջազգային հարաբերությունների հարցով պետքարտուղար հայտարարել է, որ իր երկիրը Շվեդիայի հետ մի շարք տարաձայնություններ ունի: Նրա խոսքով՝ Ստոկհոլմը պատասխանատու է երկկողմ հարաբերությունների վատթարացման համար և բացահայտ թշնամական վերաբերմունք է դրսևորում Հունգարիայի հանդեպ: Զոլթան Կովաչը Շվեդիային կոչ է արել վերանայել իր քաղաքականությունը:
ԻՍՐԱՅԵԼԸ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի ռազմական օբյեկտներին՝ հայտնում է Սիրիայի SANA պետական գործակալությունը: Նշվում է, որ Սիրիայի ՀՕՊ-ը խոցել է հրթիռներից մի քանիսը:
Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնի տվյալով՝ հարձակման հետևանքով կան զոհեր: Իսրայելական կողմը չի մեկնաբանել Սիրիայի վրա հարձակման մասին տեղեկությունը:
ՀԵՐՑՈԳԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկրորդ անդամ հանդիպել է խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով փոխզիջումային տարբերակ գտնել երկրում դատաիրավական փոփոխությունների նախագծի շուրջ: Դատական փոփոխությունների՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի նախաձեռնությունը հունվարից զանգվածային ցույցերի պատճառ է դարձել: Հասարակական անկարգությունները կանխելու նպատակով Իսրայելի վարչապետը օրերս հայտարարեց, որ փոփոխությունները կասեցվում են մինչև ամառ։ Նրա խոսքով՝ իշխող կոալիցիան պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել ընդդիմության հետ։
Չնայած Իսրայելում ստեղծված ճգնաժամային իրավիճակի քաղաքական կարգավորման ջանքերին՝ քաղաքացիները շարունակում են դուրս գալ փողոց՝ իրենց բողոքը հայտնելու կառավարությանը: Ցուցարարները համոզված են, որ Նեթանյահուն ցանկանում է իրեն ենթարկել դատական իշխանությունը:
ՉԱՐԼԶ III-Ն ԱՅՑԵԼԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը միապետի կարգավիճակում առաջին պետական այցը կատարել է Գերմանիա: Չարլզ թագավորին Բրանդենբուրգյան դարպասների մոտ դիմավորել են Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և նրա կինը՝ Էլկե Բուդենբենդերը: Այնուհետև Գերմանիայի նախագահը բրիտանացի հյուրերին ուղեկցել է իր նստավայր՝ Բելվյու ամրոց, որտեղ միապետի պատվին միջոցառում է կազմակերպվել: Հրավիրված է եղել նաև նախկին կանցլեր Անգելա Մերկելը։
Թագավորը ներկաներին դիմել է գերմաներենով. «Ես և կինս խորապես հուզված ենք՝ ինչ ջերմությամբ մեզ ընդունեցին Գերմանիայում»։
Չարլզ III-ը հավելել է, որ Մեծ Բրիտանիան և Գերմանիան միասնական են Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության հարցում և շնորհակալություն հայտնել Գերմանիայի իշխանություններին ուկրաինացի փախստականներին ապաստանելու համար։
Լրատվամիջոցները գրում են, որ այս այցով Լոնդոնը փորձում է շրջել Բրեքսիթից հետո Եվրամիության հետ վերջին տարիների բարդ հարաբերությունների էջը: Ակնկալվում էր, որ Չարլզ թագավորը նախ կմեկնի Փարիզ, սակայն այցը չեղարկվել է Ֆրանսիայում կենսաթոշակային փոփոխությունների դեմ զանգվածային ցույցերի պատճառով: Գերմանիա բրիտանացի միապետի եռօրյա այցի օրակարգում են հիմնականում երկու երկրի առջև ծառացած խնդիրները, բնապահպանական կայունությունը և ուկրաինական ճգնաժամը:
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է
Վատիկանը հայտարարել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է և հիվանդանոցում կանցկացնի մի քանի օր։ ԶԼՄ-ների տվյալով՝ պոնտիֆիկոսը պատրաստվում էր մոտ ժամանակներս հերթական բուժզննումը անցնել, սակայն մարտի 29-ի առավոտյան նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Պապի մոտ շնչառական հիվանդություն է ախտորոշվել։
Հիվանդանոցից հայտնել են, որ պոնտիֆիկոսը մեկ շաբաթվա ընթացքում կապաքինվի և կկարողանա մասնակցել Զատկին նվիրված արարողություններին։