Ռուսաստանը քննարկում է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը։  Այդ երկրի անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը» օրերս հայտարարել է, որ հայկական կաթնամթերքում օգտագործվում է իրանական սերուցք, որի նկատմամբ Ռուսաստանում որոշակի սահմանափակումներ են գործում։

Մարտի 20-24–ն իրականացված ստուգումները հաստատել են տեղեկությունը։ «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ նաև նշվում է,  որ հայտնաբերված խախտումները վկայում են պատշաճ վերահսկողության բացակայության մասին։ Գնահատականի վերջին հատվածը Հայաստանի պատկան մարմինները չեն կիսում․ արտահանված կաթնամթերքում անվտանգային որևէ խնդիր չի հայտնաբերվել։

Հայկական կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու հնարավոր արգելքը քաղաքական ենթատեքստ չունի՝ համոզված է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։ Վահան Քերոբյանը հաստատում է՝ հայկական կաթնամթերքի մեջ կիրառվում է իրանական հումք, որի պատճառով էլ «Ռոսսելխոզնադորը» անդրադարձել է խնդրին։ Սա, սակայն, չի նշանակում, որ որակը դրանից տուժում է՝  ասում է նախարարը։

«Իրանական հումքը Հայաստանում արտադրվող կաթնամթերքի մեջ օգտագործվում է, և մենք երբեմն արտոնություններ ենք տալիս ընկերություններին կաթնային սերուցք ներմուծելու համար։ Պետք է քննարկենք գործընկերների հետ ։ Իրանական կազմակերպություններ կան, որ գտնվում են եվրասիական ռեեստրի մեջ և թույլատրված է նրանցից կաթանային սերուցք ներմուծել ու օգտագործել  դեպի ՌԴ արտահանվող ապրանքի մեջ։ Մենք մեր քննարկումները ավելի շատ տեսնում ենք աշխատանքային մակարդակում, կարծում եմ, որ լուծումներ կգտնենք»։

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան մատակարարվող կաթնամթերքի նկատմամբ պետական ​​վերահսկողությունը բավարար մակարդակի վրա չէ, ինչ իհետևանքով արտահանումը կարող է սահմանափակվել։ «Ռոսսելխոզնադզորի» կողմից  ուսումնասիրություն սկսելու առիթ է դարձել 2023թ.-ին Հայաստանից ռուսական շուկա կաթնամթերքի մատակարարման ծավալների աճը։  Հիմնականում արտահանվել են կարագ և պանիր։ 2022թ․ առաջին կիսամյակում պանրի արտահանումը 2 անգամ կրճատվել է՝ 745 տոննա։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ Հայաստանից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ հայկական կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործել են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։ «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ հայտնաբերված խախտումները վկայում են նաև անասնաբուժական պետական ​​ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ընկերությունների նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչը բարձրացնում է Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներմուծման վտանգը։ Նախարարն այդ կարծիքին չէ։ Համոզված է, որ սննդի անվտանգության տեսչական մարմինը ուշադիր հետևում է արտադրությանը։

«Կաթնամթերքի արտադրությունը կատարվում է ստանդարտների համաձայն, չեմ կարծում, որ ընկերությունները խախտում են կանոնները։ Դա, ըստ էության, արձագանքն է դրամի հետևողական արժևորման, որը տեղական կաթ արտադրողների արտադրանքը դարձնում է ավելի քիչ մրցունակ, քան ներմուծված կաթի փոշին»։

ՍԱՏՄ–ից հաստատում են՝ կաթնամթերքի արտահանման ծավալները Ռուսաստան  2022 թվականին 2021-ի համեմատ շուրջ 50 տոկոսով մեծացել են։  2023թ մարտի 20-ից մարտի 24-ը «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների անցկացրած ստուգումների ընթացքում հաստատվել է, որ կաթնամթերքի արտադրության փուլում հայկական ընկերություններն օգտագործել են Իրանից ներկրված սերուցք, որը Ռուսաստանում արգելված է։

Կառույցը  դրա մասին տեղեկացրել է տեսչական մարմնին՝ բացատրելով, որ խախտվել է ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրությունը։  Գնահատականի մյուս հատվածին,  թե կաթնամթերքի անվտանգությունը պատաշաճ չի վերահսկվում,  տեսչական մարմնում համաձայն չեն։  Կառույցի  հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը վստահեցնում է՝ ստուգումների ընթացքում սննդամթերքի անվտանգության, մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։

«Մեր տեսուչները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ են մասնակցել ստուգմանը։ Սննդամթերքի արտադրության ողջ շղթան տեսչական մարմնի կողմից պատշաճ վերահսկվում է։Իրականում որևէ անհանգստացնող բան չի  հայտնաբերվել։  Իրենց անհանգստությունը պայմանավորված է ԻԻՀ-ից հումքի ներմուծմամբ, Հայաստանի կաթնամթերքի մեջ դրա օգտագործմամբ և Ռուսաստան արտահանման այդ շղթայով։ Այժմ այդ թեմայով քննարկումներ են ընթանում»։

Տեսչական մարմնից հայտնում են, որ իրանական հումքին վերաբերող  հարցերը դեռ քննարկման փուլում են, բանակցությունները շարունակվում են։ Վերջնարդյունքի մասին կտեղեկացնեն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն