Ռումինիայի Պատգամավորների պալատում է հայ գեներալ Հակոբ Զատիկին նվիրված ցուցահանդես է բացվել
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բուխարեստում հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վասիլ Դանիել Սուչիուի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ակտիվացման, պարբերական փոխայցելությունների կազմակերպման հարցեր: Երկուստեք ընդգծվել է երկու ժողովուրդների միջև պատմական ու մշակութային ընդհանրությունների և առկա ներուժի հիման վրա Հայաստանի և Ռումինիայի միջև փոխգործակցության զարգացման կարևորությունը:
Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանի և Վասիլ Դանիել Սուչիուի մասնակցությանբ Պատգամավորների պալատում կայացել է Ռումինիայի հայտնի գործիչ, ազգությամբ հայ գեներալ Հակոբ Զատիկին (Յակոբ Զադիկ) նվիրված ցուցահանդեսի բացումը: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես են եկել Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Ընդգծվել է տարբեր ժամանակահատվածներում Ռումինիայի հասարակական-քաղաքական, գիտակրթական ու մշակութային կյանքում ռումինահայ համայնքի ներկայացուցիչների ներդրումը, որի վառ օրինակներից է Ռումինիայի և այլ երկրների բարձր գնահատանքին արժանացած գեներալ Հակոբ Զատիկի գործունեությունը:
Ծանոթություն. 2019թ. դեկտեմբերի 16-ին Ռումինիայի հայերի միության հարյուրամյակի առթիվ Ռումինիայի Պատգամավորների պալատում տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ Ռումինիայի հայերի միությունը, ի նշան հայ-ռումինական դարավոր բարեկամության, Ռումինիայի խորհրդարանին նվիրաբերել է խաչքար, որը տեղադրված է խորհրդարանի դահլիճներից մեկում։