Ազնավուրի արձանի համար ընտրված տեղն անընդունելի է․ արվեստագետները համաձայն չեն քաղաքապետարանի որոշման հետ
Քաղաքապետարանի որոշումից մեկ ամիս անց էլ դեռ հստակ չէ՝ ինչպիսին է լինելու մայրաքաղաքում տեղադրվելիք Շառլ Ազնավուրի արձանը: Հստակ է միայն արձանի տեղադրման վայրը։ Ավագանին որոշել է՝ ֆրանսահայ երգչի, Հայաստանի Ազգային հերոսի արձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, Ռոդենի քանդակի տեղում։ Արվեստագետներից ոմանք այդ որոշումն անընդունելի են համարում։ Նրանք պնդում են, որ չի կարելի մեծանուն հայի արձանը պարզապես տրանսպորտային հանգույցում, մարդկանց անմիջական շարժից հեռու տեղադրել։
Մի խումբ արվեստագետներ «Ռադիոլուրի» հետ զրույցում ահազանգում են՝ քաղաքային իշխանությունների որոշումը՝ Ազնավուրի արձանը տեղադրել ֆրանսիայի հրապարակում, անթույլատրելի է։ Նրանք որոշել են իրենց մասնագիտական ձայնը բարձրացնել ու այդ կերպ ստիպել քաղաքապետարանին վերանայել որոշումը։ Երևանն արդեն ունի Ազնավուրի հրապարակ, ինչո՞ւ արձանը այնտեղ բացելու փոխարեն տեղադրել մեկ այլ հրապարակում, ընդ որում՝ մարդկանց անցուդարձից հեռու՝ ասում է ճարտարապետ Լևոն Վարդանյանը։
Ճարտարապետ Լևոն Վարդանյան
«Ազնավուրը ժողովրդի սերը վայելող արտիստ է, ընտրված տեղը ենթադրում է Ազնավուրին աքսորել, որ հանկարծ որևէ մեկը չկարողանա մոտենալ նրան։ Ստացվում է՝ մենք քանդակը դնում ենք պարզապես տրանսպորտի խաչմերուկում։ Մենք գտնում ենք, որ դա շատ մեծ սխալ է և պետք է այսօրվանից այդ հարցը բարձրացնել, չէ որ արձանը ստեղծվելու է իր տեղին՝ այս դեպքում այդ հրապարակին համապատասխան, հետո էլ կասեն՝ դե արդեն պատրաստ է, այդ հրապարակի համար է, ի՞նչ անենք, ինչպե՞ս տեղափոխենք»։
Երևանի ավագանին դեռ մեկ ամիս առաջ է որոշել Հայաստանի Ազգային հերոս, ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Երևանում նրա արձանը տեղադրել։ Քաղաքապետարանը նախատեսում է Ֆրանսիայի հրապարակում գտնվող Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստիեն Լըպաժի» քանդակը տեղափոխել մայթեզր ու դրա տեղում կանգնեցնել երգչի արձանը։ Ճարտարապետ Լևոն Վարդանյանը համաձայն է, որ Ռոդենի քանդակը տեղափոխվի, բայց նաև գտնում է՝ այդ վայրն, առհասարակ, ոչ մի արձանի համար հարմար չէ։
Ֆրանսիայի հրապարակում գտնվող Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստիեն Լըպաժի» քանդակը
«Մաշտոցի ու Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկը, որ այսօր կոչվում է Ֆրանսիայի հրապարակ, քաղաքաշինական տեսանկյունից էլ դեռ բազմաթիվ չլուծված հարցեր ունի։ Դա Երևանի հյուսիսային առանցքի՝ Հյուսիսային պողոտա- Օպերա- Կասկադ հանգույցի մի մասն, ու ամբողջովին կարգավորված չէ այդ խաչմերուկի հետիոտնային ու տրանսպորտային շարժը, և առանց այդ հարցը լուծելու, առանց դրա մասին մտածելու, այդտեղ ինչ-որ արձան տեղադրել, դա նաև քաղաքաշինական սխալ է»,-ասում է ճարտարապետը։
Ի սկզբանե սխալ էր նաև Ռոդենի քանդակը Ֆրանսիայի հրապարակում տեղադրելը՝ նկատում է նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը։ 2011 թ-ին դա պարզապես քաղաքական քայլ էր․ Երևանում էր Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին, և ոչ ոք երկար չքննարկեց՝ որտեղ տեղադրել Ֆրանսիայի նախագահի նվերը։ Ռոդենի քանդակը պատկերասրահում, թանգարանում ցուցադրելու հարմար ստեղծագործություն է։ Առհասարակ, Երևանում արձանների տեղադրման բազմաթիվ սխալներ ու ոչ մասնագիտական մոտեցումներ կան՝ կարծում է քանդակագործը։
Գարեգին Նժդեհի հրապարակը
«Օրինակ, շատ ծիծաղելի է, որ գնում ես Գարեգին Նժդեհի հրապարակ, այնտեղ դրված է Սուրեն Սպանդարյանի արձանը, հետո երկար մտածեցին ու որոշեցին մի առանձին, պատահական տեղ էլ գտնել Նժդեհի արձանի համար։ Սխալ էր նաև Մոսկովյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկի անկյունում Վիլյամ Սարոյանի արձանը տեղադրելը, քանի որ դա Երվանդ Քոչարի արձանի տեղն էր, դիմացն էլ Քոչարի թանգարանն է։ Օհան Դուրյանի արձանն էլ այն չէ՝ Օպերայի մոտ ու այսպես շարունակ»,-ասում է Արզումանյանը։
Մասնագետները մտահոգություն ունեն նաև կերպարի հետ կապված։ Շեշտում են՝ մեծանուն արվեստագետի կերպարը ստեղծելիս չպետք է շտապել կամ առաջնորդվել միայն ընտանիքի ցանկությամբ։ Նույնիսկ միջազգային մրցույթ պետք է հայտարարվի՝ պնդում են քանդակագործները։ Տիգրան Արզումանյանը հիշեցնում է նաև Ազնավուրի՝ Գյումրիում տեղադրված արձանը, որը նույնպես, ըստ մասնագետների, հապշտապ արված, ոչ այնքան հաջող քանդակ է։
Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիում
«Երկրաշարժի տարիներին, իհարկե, Շառլ Ազնավուրի դերը, օգնությունը շատ մեծ էր, և որոշեցին նման ժեստ անել, ինչ-որ նատուրալիստական ու արվեստագետին ոչ վայել արձան տեղադրեցին, որը վստահաբար ոչ մեկիս չի հուզում։ Սա իրականում շատ բարդ թեմա է․ Շառլ Ազնավուրը այնքան նվիրական մարդ է եղել, որ պետք է արվեստի բարձրագույն որակի մի բան ստեղծվի»։
Երևանը անկախության տարիներին, առհասարակ, կորցրել է իր դիմագիծը՝ կարծում է նկարիչ Փարավոն Միրզոյանը։ Քաղաքային իշխանությունները նմանօրինակ որոշումները չեն քննարկում մասնագետների հետ՝ ասում է նկարիչը․ ով վճարում է, նա էլ որոշում է արձանի տեղը, դիրքն ու ձևը։
Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակ
«Այն բոլոր քանդակները, որ 30 տարվա մեջ տեղադրվել են, դրանց 30 տոկոսը իրենց տեղում չեն․ Հյուսիսային պողոտայում դրել են ինչ-որ քայլող մարդ, դրա հետևում ինչ-որ բանալի, այսինքն՝ ով որտեղ ինչ արձան ու քանդակ ուզում՝ դնում է։ Օրինակ՝ Արամ Մանուկյանի արձանը, դա նույնպես պատահական մի տեղ դրել են։ Հիմա ես չեմ հասկանում սա ինչ քաղաք է․ նկարիչ ես, ուզում ես քաղաքում մի բնանկար նկարել, չկա՛․ կորցրել ենք քաղաքի կերպարը»,-ասում է Փարավոն Միրզոյանը։
Արվեստագետներն ասում են՝ չեն լռելու, փորձելու են ամեն կերպ իրենց ձայնը հասցնել իշխանություններին։ Քաղաքապետարանից էլ «Ռադիոլուրին» փոխանցեցին, որ առայժմ հստակ չէ, թե ով, ինչ ընթացակարգով ու որտեղ է կերտելու Ազնավուրի՝ արդեն այսքան քննարկված արձանը։ Առայժմ քաղաքապետարանը գործընթացը քննարկում է միայն Ազնավուների ընտանիքի հետ։