Հինանց կիրակիների շղթայի սկիզբը Նոր Կիրակին է, որը հաջորդում է Սուրբ Զատկի տոնին:

Արևմտյան եկեղեցին այս կիրակին կոչում է «Սպիտակ կիրակի»: Սպիտակ անվանումը խորհրդանշորեն ակնարկում է եկեղեցում մկրտությամբ, հաղորդությամբ տեղի ունեցող հոգևոր մաքրագործումը:

Օրթոդոքս և կաթոլիկ եկեղեցիներում ընդունված է այս կիրակին անվանել «Թովմասի կիրակի»:

«Տեսնել և հավատալ» արտահայտությունը ծանոթ է բոլորին: Առաքյալներից Թովմասն էլ մինչև չտեսավ, չհավատաց:

Առաքյալները անսովոր ուրախություն ապրեցին և նրանց կասկածը փարատվեց, երբ Հիսուս Իր Հարությունից հետո հայտնվեց նրանց: Առաքյալներից Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, այդ պահին այնտեղ չէր: Նա քիչ էր համարում առաքյալների վկայությունը Քրիստոսի հարության մասին, հավատալու համար նա պետք է տեսներ. «Մինչև մեխերի հետքերը չտեսնեմ Նրա ձեռքերի մեջ և մատներս չդնեմ մեխերի տեղերն ու ձեռքս չդիպցնեմ նրա կողին, չեմ հավատա»: Ութ օր հետո Հիսուս նորից հայտնվեց առաքյալներին, Թովմասն էլ էր այնտեղ և մոտենալով նրան՝ ասաց. «Բե՛ր քո մատը, դի՛ր այստեղ և տե՛ս Իմ ձեռքերը. բե՛ր քո ձեռքը և դիպցրո՛ւ Իմ կողին. անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»: Թովմասը տեսավ, հավատաց և բացականչեց. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»: Եվ Հիսուս նրան ասաց. «Դու հավատացիր, որովհետև Ինձ տեսար, չէ՞. երանի՜ նրանց, որոնք հավատում են առանց Ինձ տեսնելու»: Քրիստոսի խոսքերը, թե՝ Երանի՜ նրանց, որոնք հավատում են առանց Ինձ տեսնելու, նոր կյանքի, նոր կիրակիի սկիզբը դրեց:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, թե՛ Իրեն հավատացողներին ու հետևորդներին, թե՛ անհավատ հեթանոսներին ու հակառակորդներին, հավաստիացնում է նրանում, որ հարությունից հետո Նա ուներ ոչ թե հրեշտակների պես թվացյալ ու թափանցիկ մարմին, այլ Սբ. Աստվածածնից ծնված այն մաքուր մարմինը, որ խաչելության վերքերն էր կրում հարությունից հետո:

Այսպիսով, Փրկչի հարության տոնին հաջորդող առաջին կիրակին կոչվում է Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ, «վասն երեք պատճառի. վասն ազատութեան, վասն հարութեան եւ վասն փրկութեան» (Սբ. Գրիգոր Տաթևացի, Ձմեռան հատոր): Կրկնազատիկը քրիստոնյային հիշեցնում է, որ այս կիրակի կրկնվում են զատկական ուրախությունները, տոնի ժամանակ տիրող հոգևոր ու ընկերային մթնոլորտը:

«Կիրակի» հունարեն բառ է, որ նշանակում է «տերունական»: Նախկինում գործածվում էր միայն միաշաբաթ բառը, այսինքն՝ շաբաթվա առաջին օրը, քանի որ Քրիստոս հարություն առավ Միաշաբաթ օրը: Հետագայում էր, որ տարածում գտավ հունական կիրակի բառը:

Սբ. Զատկին հետևող առաջին շաբաթ օրը նշվում է Սբ. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը: Այս տոնը սրբոց հիշատակություններից միակն է, որ հանդիպում է Հինանց շրջանում:

Օրվան նվիրված «Նորոգեալ կղզիք» շարականը պատկանում է Ներսես Լամբրոնացուն: Նոր կիրակիին նվիրված շարականում կա անդրադարձ մարդկային կյանքի վերանորոգության խորհուրդին:

Ձմռան մեռելությունից հետո գարնանը բնությունը և կենդանական աշխարհի վերանորոգումը կենսուրախություն և հրճվանք է պարգևում ամեն մի մարդու:

Մարդկային կյանքում էլ անչափ կարևոր և կենսական է վերանորոգությունը:

Եթե ծառերն ու ծաղիկները անձրևի ու արևի շնորհիվ արթնանում են և կենդանանում, ապա մարդու ներքին կյանքը կազմող գաղափարները, համոզմունքները, սերը, հավատքը, որոնք չեն երևում, նույնպես կարիք ունեն նոր «արևի ու անձրևի»:

Մարդկության պատմության մեջ մարդկային բանական կյանքի գերագույն վերանորոգիչը դարձավ Քրիստոս: Նա Հին Ուխտը լրացրեց Նոր Ուխտով: Հին պատվիրանները լրացրեց նորով՝ սիրո պատվիրանով: Այդ պատճառով Նրան լսողներն ու տեսնողները զարմանում էին. «Ի՞նչ է այն նոր վարդապետությունը» (Մարկոս 1:27):

Հոգեպես նորոգված առաքյալները Քրիստոսի Ավետարանով վերանորոգություն էին քարոզում ողջ աշխարհին: Սբ. Պողոս առաքյալն իր մի քանի նամակներում անդրադառնում է նոր մարդ լինելու կարևորությանը (Գաղատացիներ 6:15):

«Ուստի մոռացե՛ք ձեր հին ինքնությունը, այսինքն՝ ձեր նախկին ապրելակերպը, որ ապականված էր խաբուսիկ ցանկություններով, վերանորոգվեցե՛ք հոգով՝ փոխելով ձեր մտածելակերպը, եղե՛ք նոր մարդ՝ ստեղծված Աստծո պատկերի համաձայն, և ճշմարիտ կյանքն ապրեցե՛ք արդարությամբ և սրբությամբ» (Եփեսացիներ 4:22-25):

«Թեպետև մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե» (Բ Կորնթացիներ 4:16):

Ավանդույթի համաձայն` կրկնազատկի տոնին Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս է բերվում և Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տարվում Շուրիշկանի հրաշագործ Սուրբ Ավետարանը (1498թ.), որի հետ կապված են բազմաթիվ հրաշագործ պատմություններ, առողջանալու դեպքեր: Ավետարանին նվիրված են բազում երգեր ու ստեղծագործություններ: Այդ օրը շատերն ուխտի են գնում Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն