Հայաստանը խաղաղության օրակարգից չի հրաժարվում՝ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2022-ի կատարողականի քննարկմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե 2 երկրները հստակ՝ առանց երկիմաստության, ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը:

Վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ տարածքը ճանաչելով որպես ՀՀ:

Նիկոլ Փաշինյանը հերքել է, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը և ինքնորոշան սկզբունքը կողք կողքի դնելով՝ արձանագրվել են իրողություններ, որոնք թեև չեն խոստովանվել, բայց գոյություն ունեցել են:

«Ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի՝ պայմանականորեն, Ա կարգավիճակը վերանայելու հարց ես դնում. դա տեսականորեն կարող է նշանակել՝ Ա կարգավիճակը վերանայել դարձնել Բ, կամ վերանայել ու չփոխել, կամ վերանայել ու դարձնել Ա1+, Ա-1 կարգավիճակ:

Այսինքն՝ ապագա կարգավիճակը դարձնել ցանկացած այլ բան, և այստեղ ամեն ինչ պարզ է, բայց առանց ֆիքսելու Ա կարգավիճակը, որն ուզում է զարգացնել ու դարձնել Բ կարգավիճակ, ապա որևէ կարգավիճակի մասին, այսինքն՝ ինքնորոշման մասին այս տրամաբանությամբ չի կարող, որովհետև, եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, նշանակում է՝ ինչ-որ մի բանի մաս ես, եթե ինչ-որ մի բանի մաս չես, ուրեմն կա՛մ արդեն ինքնորոշվել ես, կա՛մ ինքնորոշման կարիքը չունես:

Հիմա մենք ինքներս՝ սեփական ձեռքերով ու ձեզ հայտնի ժամանակ, հիմա չեմ ասում՝ երբ, որ լրացուցիչ կրքեր չբորբոքեմ, բանակցային, քաղաքական, աշխարհաքաղաքական այս իրողությունը ստեղծել ենք, ոչ միայն ստեղծել ենք, ալլև ցեմենտել, բայց դրանից հետո ասել ենք, որ ԼՂ-ի համար ցանկանում ենք Բ կարգավիճակ, բայց հրապարակային չենք ընդունել Ա կարգավիճակը: Սրանով խաբել ենք ինքներս մեզ, Հայաստանի և ԼՂ ժողովրդին: Բայց էլի ուզում եմ ուշադրություն դարձնել, որ մինչև այս ակնհայտ փաստի ու իրողության հետ չառերեսվենք, երբեք խաղաղություն չենք ունենա: Սակայն խաղաղությունը համարում եմ իմ քաղաքական հանձնառությունն առավել ևս հիմա, առանձնապես 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի վստահության քվեի վերահաստատումից հետո: Այս համատեքստում, իհարկե, չափազանց կարևոր է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների, երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորվի, և այս մեխանիզմն ապահովի ԼՂ հայության իրավունքների և անվտանագության ապահովման օրակարգի իրացումը»,- ասաց վարչապետը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն