Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի և Արցախի նկատմամբ հասել է գագաթնակետին. Շիֆ
Հայերին սպառնացող վտանգը չի վերացել.Հայաստանն այսօր էլ դեռ հարձակման տակ է: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը:
«Վերջին մի քանի ամսում Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի և Արցախի նկատմամբ հասել է իր գագաթնակետին: Կարող եմ ասել, որ երբեք այնքան մտահոգված չեմ եղել, որքան այսօր, որ Ադրբեջանը կարող է ևս մեկ լայնածավալ պատերազմ նախապատրաստել Հայաստանի և Արցախի դեմ: Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկության դեմ բռնությունները և հանցագործություններն անպատասխան մնան»,- ասել է Շիֆը:
Կոնգրեսականը վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը պետք է դադարեցնի աջակցությունը Ալիևի ռեժիմին և նրան պատասխանատվության ենթարկի պատերազմական հանցագործությունների համար:
«Մենք պետք է խիստ պատժամիջոցներ սահմանենք, որպեսզի նա վերաբացի Լաչինի միջանցքը և ազատ արձակի ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Ես կոչ եմ անում ԱՄՆ վարչակազմին և Կոնգրեսին՝ աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին»,- հայտարարել է Շիֆը: