Այս պահին Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը ԿԳՄՍՆ-ի դիմաց է. պահանջում են հանդիպում նախարարի պաշտոնակատարի հետ
Այս պահին Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի դիմաց է: Նրանք պահանջում են հանդիպում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հետ:
Թատրոնի դերասանները «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ չեն գնալու այնքան ժամանակ, մինչեւ չհանդիպեն եւ չխոսեն նախարարի պաշտոնակատարի հետ: Թատրոնի անձնակազմն ուզում է իրենց հուզող հարցերի պատասխանները լսել, հասկանալ, թե ի՞նչ է լինելու թատրոնի ու այն շենքի հետ, որը նախարարությունը պատրաստվում է տրամադրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:
Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Ըստ այդ ծրագրի՝ Կամերայինի շենքն էլ տրամադրվելու է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին՝ այդպիսով լուծելով այդ երաժշտական կոլեկտիվի շենքի հարցը:
Նախագծին դեմ է ոչ միայն Կամերային թատրոնի անձնակազմը, այլեւ Պարոնյան թատրոնի ղեկավարությունը. միավորումը երկուսն էլ անիրատեսական են համարում:
ՀԳ Քիչ առաջ թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը, դերասաններ Մարիաննա Դանիելյանի եւ Զառա Հակոբյանի հետ մտավ նախարարության շենք: Նրանց այնտեղ ընդունելու է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: