Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Երևանում անցկացված Աղոթքի երկրորդ նախաճաշի ամենաուշագրավ և ինտրիգային դրվագներից էր։

Նա մասնակցել է Սուրբ Պատարագին, ապա հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

Կարևոր է ընդգծել, որ Փոլա Ուայթ-Քեյնը քրիստոնյա-սիոնիստների ազդեցիկ համայնքի ներկայացուցիչ է, և նրա գործոնը պետք է դիտարկել նաև լայն միջազգային կրոնաքաղաքական շրջանակի համատեքստում։

Այցը կարևոր է նաև Հայաստանի ներքաղաքական համատեքստում, քանի որ ավելի վաղ Ուայթ-Քեյնին ընդունել էր Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով, նա շփվել է Փաշինյան–Մայր Աթոռ հակադրության երկու կողմերի հետ, ինչը հարց է առաջացնում՝ Մայր Աթոռ այցը զուտ հոգևոր և արարողակարգայի՞ն էր, թե՞ նաև քաղաքական նշանակություն ուներ։

Շրջանառվում է վարկած, որ ամերիկյան ավետարանական շրջանակները կարող են հետաքրքրված լինել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացումներով, Փաշինյանի հակաեկեղեցական արշավին նրանց շահագրգռվածությունը հաստատող առնվազն անուղղակի հաստատումներ կան։

Իհարկե, Ուայթ-Քեյնի հանդիպումը Վեհափառ Հայրապետի հետ և Հայ Եկեղեցու ու Հայաստանի քրիստոնեական ժառանգության մասին նրա հարգալից խոսքերը միանգամայն այլ տրամաբանության մասին են խոսում:

Տեսականորեն չի բացառվում, որ նա փորձել է հաղորդակցության կամուրջ ստեղծել Փաշինյանի և Մայր Աթոռի միջև, սակայն դրա ազդեցության տեսանելի նշաններ չկան։

Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն՝ Ազգային ժողովում նախաձեռնելով Եկեղեցուն առնչվող քննիչ հանձնաժողովի ստեղծումը։

Այցի առավել էական քաղաքական նշանակությունն այն է, որ Փաշինյանի իշխանությունը փորձում է Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի շուրջ ձևավորել մեկուսացման ու լեգիտիմության ճգնաժամի պատկեր, մինչդեռ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը, որը, հիշեցնեմ, քրիստոնյա-սիոնիստների ազդեցիկ համայնքի ներկայացուցիչ է, գնաց Մայր Աթոռ, մասնակցեց Պատարագին և հրապարակավ հարգանք արտահայտեց Հայ Եկեղեցու ու Հայաստանի քրիստոնեական ժառանգության նկատմամբ։

Սա չի նշանակում, որ Վաշինգտոնը Փաշինյան–Եկեղեցի հակադրությունում դիրքավորվել է Մայր Աթոռի կողմում։ Սակայն այցը ցույց է տալիս, որ Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ դրա ճանաչված առաջնորդը։

Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ Թրամփի խորհդականը Էջմիածնում էր՝ հենց Մայր Աթոռի նախաձեռնությամբ, թե՞ Վաշինգտոնում ևս կասկածում են Փաշինյանի հակաեկեղեցական կամպանիայի հաջողությանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ