Այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցնե է։ 1915 թ․ այս օրը, Օսմանյան կայսրության կառավարությունը սկսեց հայ քաղաքական և մտավորական առաջնորդների ձերբակալությունները և ոչնչացումը, որին հաջորդեց մեր ժողովրդի զանգվածային տեղահանումը, անողոք սպանդը և հայրենազրկումը։ Ցեղասպանության արդյունքում մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքի մեծ մասը, մեր ժողովրդի բեկորները ցրվեցին աշխարհով մեկ, և մենք զրկվեցինք մեր պատմական հայրենիքում հզոր և կոնսունակ ազգային պետություն կերտելու բացառիկ պատմական հնարավորությունից։

Ցավոք այսօր, Հայոց ցեղասպանության 108-ամյա տարելիցին, մեր ազգի նկատմամբ ցեղասպան գործողությունները շարունակվում են։ Տառացիորեն երեկ, թշնամու հրոսակները անարգել ներխուժել են Լաչինի միջանցք, փակել Արցախը Հայաստանի հետ կապող միակ կամուրջը, և ռուս խաղաղապահների աչքի առաջ և ակնհայտ թողտվությամբ, իրենց ուղեկալն են սարքում այնտեղ։ Սրա նպատակը ակնհայտորեն Արցախը վերջնականապես խեղդելն է, այնտեղ մնացած հայկական սակավաթիվ զինված ուժերը զինաթափելը, և դրանից հետո արդեն Արցախի հայ բնակչությունը այնտեղից տեղահանելը։ Ընդ որում սա տեղի է ունենում ոչ միայն ռուսների, այլև հայաստանյան իշխանությունների լուռ համաձայնությամբ, որոնք արդեն մի քանի ամիս է հայ հասարակությունը պատրաստում են Արցախի հանձնման ստոր գործողությանը։

Այսօր դեռևս ուշ չի կանխելու մեր հայրենիքի արցախյանյան հատվածի դավաճանական հանձնման այս ակտը։ Եթե Հայաստանի գործող իշխանությունները կամք և պատասխանատվություն ունենան, նրանք ոչ միայն կդիմեն Ռուսաստանի Դաշնությանը, այլև ՄԱԿ Անվտանգության Խորհրդին՝ պահանջելով նրանից ապահովել Արցախի բնաչության անվտանգությունը և պաշտպանել Ադրբեջանի ցեղասպան գործողություններից, մասնավորապես, Ադրբեջանի դեմ գործուն պատժամիջոցներ կիրառելու, և Արցախ միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու միջոցով։

Նմանապես, եթե Ադրբեջանը փաստացի չեղարկում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, Հայաստանը ևս այն պետք է չեղարկի, վերջապես պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը, և հայտարարի, որ այն իր պաշտպանության տակ է վերցնում նրա բնակչությանը։ Եթե նույնիսկ այսօր Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունի զենքի ուժով վերացնել Արցախի շրջափակումը, Արցախի Հանրապետության ճանաչումը դա հնարավորություն կտա անել հետո, երբ աշխարհաքաղաքական զարգացումները այդպիսի պատուհան բացեն մեր առջև։

Այն, որ դա տեղի կունենա, կասկած չի հարուցում, քանի որ Ադրբեջանը անխուսափելիորեն հայտնվելու է աշխարհաքաղաքական բախման կիզակետում, նրա նավթագազային պաշարները սպառվում են, պատերազմից հետո կոռուպցիան և իշխանությունների կամայականությունները խեղդում են երկրիրը, և այսօր նրա մարդատյաց իշխանությունները շտապում են ամեն գնով կլանել Արցախը՝ թույլ չտալու հետագայում նրա ազատագրումը վեր հառնող հայության կողմից։

Մինչ այդ, մեզ պետք է ամեն օր, ամեն ժամ պատրաստվել այդ բախմանը՝ աշխատել, մարզվել, կրթվել, զինվել, և գիտակցել մեր իրական և անանցանելի ազգային շահը՝ դա այս տարածաշրջանում հզոր, կենսունակ, ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող հայկական պետության կայացումն է, որը անվտանգություն, ազատություն և բարգավաճում կապահովի մեր ժողովրդի բոլոր հատվածների համար։ Միայն այդ կերպ մենք թշնամուն դուրս կմղենք մեր հայրենիքի բոլոր անկյուններից, կբացառենք հետագա ցեղասպանությունները, իսկ Հայաստանը և Արցախը կապող այս կամուրջն էլ կդառնա խաղաղության և մարդկանց ազատ երթևեկության համար բաց, անվտանգ մայրուղի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն